2014թ․ Քարվաճառի շրջան ներխուժած երկու հանցագործները Բաքու վերադառնալուց հետո միմյանց են մեղադրում բռնվելու համար։
2014թ․ Արցախի Քարվաճառի շրջան ներխուժած երկու ադրբեջանցի հանցագործներից մեկը՝ Շահբազ Գուլիևը, ադրբեջանական Xural հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է՝ իրենք Քարվաճառ էին եկել Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովի հրահանգով, իսկ պաշտպանության նախարարությունը նախապես տեղյակ է եղել դրանից։
2014թ․ հուլիսի 9-ին ՀՀ ՊՆ-ն հայտնեց Քարվաճառի տարածք ադրբեջանական դիվերսանտների ներթափանցման մասին։ Մի քանի օր տևած որոնողական գործողությունների շնորհիվ Արցախի տարածք մտած զինված ադրբեջանցիներից մեկը սպանվեց, երկուսը՝ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը, ձերբակալվեցին։
«Ինձ կանչեցին, ասացին՝ պետությանը պետք ես։ Իրականում ինձ մենակ էին ուզում ուղարկել, բայց ես պնդեցի, որ Ասկերովը տեղանքը լավ գիտի, ինքն էլ գա։ Այդ ժամանակ Դիլհամը բռնվել էր, Շամխորի ոստիկանությունում էր։ Նրան բանտից հանեցին, բերեցին»,- պատմում է Գուլիևը։
Գուլիևը հատուկ ընդգծում է՝ իրենք Քարվաճառ են մեկնել անմիջապես Ալի Հասանովի գրասենյակից, տեղում նրանց զենք ու նռնակ են տվել, ճանապարհ դրել։ Ավելին՝ Գուլիևի պնդմամբ, իրենք 1992-ից հետո պարբերաբար Ադրբեջանի ՊՆ իմացությամբ դիվերսիոն ներթափանցումներ են իրականացրել հայկական վերահսկողության տարածքներ։ Նրա խոսքով՝ Բաքու վերադառնալուց հետո Հասանովը միայն Ասկերովին է հանդիպել, իրեն չի տեսել։
Նույն այդ Գուլիևը, որը Ասկերովի հետ 2020թ․ դեկտեմբերի 14-ին արտահանձնվեց Բաքվին, արդեն 2021-ի հունվարի 6-ին Baku TV-ին տված հարցազրույցում հայտարարեց.
«Նրանք չէին հավատում մեր ասածներին, որ մենք այցի ենք եկել մեր հարազատների գերեզմաններին, մեզ ահաբեկիչ ու դիվերսանտ էին անվանում։ Նրանց կեղծ իշխանությունները ցանկանում էին Եվրոպային ցույց տալ, որ բռնել են ադրբեջանական ահաբեկիչների ու դիվերսանտների»,-ասել է նա։
Գուլիևից անկախ, վերջին օրերին ադրբեջանական Publika.az լրատվական կայքին հարցազրույց է տվել նաև Ասկերովի որդին՝ Քյուրդօղլու Ասկերովը, որը հաստատել է այս տեղեկությունը՝ հանցագործները մի քանի անգամ են ներխուժել Արցախի տարածք՝ 2005թ․, 2007թ․,2009-10թթ․։ Ասկերովը հատկապես ընդգծել է, որ 2010թ․, երբ ադրբեջանցի զինծառայող Մուբարիզ Իբրահիմովը մտել էր հայկական դիրք ու տեղում սպանվել, իսկ նրա դին մնացել էր հայկական խրամատում, իր հայրը նորից դիվերսիա է կազմակերպել, որպեսզի ողջ հայ զինծառայողների գերեվարի՝ Իբրահիմովի մարմնի հետ փոխանակելու համար։
Երբ հայկական կողմն Ադրբեջանի հանցագործներին բռնեց 2014թ․, նրանց մոտ հայտնաբերվել էին տարբեր տեսանյութեր Քարվաճառից ու հատկապես զորամասերից մեկում զորավարժության ընթացքից։ Գուլիևը պատմում է, որ նույնանման տեսանյութեր իրենք պարբերաբար փոխանցել են Ադրբեջանի փոխվարչապետին։
Ամբողջությամբ՝ Sputnik Արմենիայի նյութում