«Ուզում եք հաղթել Հայրենիքի՞ն։ Չեք հաջողելու։ Նա հավերժ է». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իշխանություններին
Advertisement 1000 x 90

«Ուզում եք հաղթել Հայրենիքի՞ն։ Չեք հաջողելու։ Նա հավերժ է». Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իշխանություններին

Խորհրդային վերջին տարիները հիշեցնող՝ «Ժողովրդավարության հայկական ֆորում» անվանմամբ ձեր ինքնաձեռնարկին հրավիրեցիք՝ առանց խոսքի իրավունքի, որ ի՞նչ. ընկնեմ սրահում ներկա միակ՝ պետական տեսախցիկի բացառիկ «առատաձեռնության» տակ, որպես թե՝ ահա ընդդիմությունը ներկա է եւ՝ մեղսակի՞ց։

Ի՜նչ ժողովրդավարություն… ստուգապես՝ դրա երեսպաշտ նահանջն է՝ քաղաքական բանտարկյալներ (ներառյալ՝ մինչդատական վարույթում՝ որպես պատժիչ նախագործիք), բռնաճնշումներ, խոսքի ազատության սահմանափակումներ, լրատվական սեւ ցուցակներ, կրթության եւ այլ ոլորտների կուսակցականացում, շահերի բախում կառավարման համակարգում, վարչական ռեսուրսի չարաշահում, որոշումների ոչ թափանցիկ ընդունում, ժողովրդին պատկանող միջոցների անվերահսկելի վատնում: Կարճ՝ հին արատների նորովի եւ բազմապատիկ խտացված շարունակություն։

Սա դեռ «ոչինչ»։

Մեր Հայրենիքի հետ ի՛նչ արեցիք, ի՛նչ եք տակավին հանում-զիջում։

Հիմա էլ վերադարձաք եւ ահա՛ ձեր սողացող մեթոդաբանության հանգույն, «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները»։ Դա այն ամենն է միգուցե, որ դուք մի կերպ խնդրեցիք, եւ նա ձեր սիրույն՝ բարեհաճեց։

Նոյեմբերի 9-ին ստորագրված զինադադար, գիտակից հրաժարականից աչքածակորեն հրաժարում, սեփական ժողովրդից թաքուն բանավոր պայմանավորվածություն եւ հավելյալ նահանջ, թշնամու կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթման հանդուրժում, Հանրապետության միջպետական ճանապարհի ինքնակամ, միանձնյա հանձնում, Հայաստանում եւ Արցախում շարունակվող բռնազավթումների անտեսում։

Իսկ հիմա թարմացված հին ձեւակերպումով ուզում եք ջնջել ոչ թե Մինսկի խումբը կամ 30 տարվա դիվանագիտությունը՝ լավ թե վատ, այլ մի ողջ ազգի կյանքի իմաստ, ոգու էություն, պայքարի կենսագրություն՝ հազարավոր հերոսներով ու նահատակներով կերտված։ Նրանցից նորագույնը ձեր անմիջական պատասխանատվության տակ է, եւ մնալու է անջնջելի «մինչեւ վերջ»։ Դուք ջնջում եք հայոց արդի պատմությունը, ըստ երեւույթին՝ դիտմամբ, եւ ուզում եք այն սկսել ձեզնով ու ձեզնից։ Ձեզ չի հետաքրքրում ոչ առաջին Հանրապետությունը, ոչ էլ անգամ Հայկական ՍՍՀ-ը, որ ասենք՝ «նշաձող փնտրեք»։

Ուզում եք ամբողջովին նորը, ամբողջովին ձերը։ Ուզում եք հաղթել Հայրենիքի՞ն։ Չեք հաջողելու։ Նա հավերժ է։ Դուք սիրել եք, հետո էլ՝ ուխտդ դրժել։

Ներողություն հայցեք։ Ոչ թե կեղծավոր խոսքով, այլ իմաստալից արարքով։ Ոչ թե ուրիշի հետքերով եւ ձեւի համար ծունկի գալով, այլ ամբողջ հոգով խոնարհվելով՝ դուք գիտեք ինչի համար, քաղաքացու եւ Նրա առջեւ։ Պատմության ընձեռած ձեր բաժինը առաջնորդեցիք, գնաց։

Մնացյալը մաքուր մեղք է եւ՝ վախճան։

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան

24 մայիսի 2022թ.

Երեւան