Որքա՞ն կարող են տեւել կորոնավիրուսի նյարդաբանական հետեւանքները
Advertisement 1000 x 90

Որքա՞ն կարող են տեւել կորոնավիրուսի նյարդաբանական հետեւանքները

Կորոնավիրուսի կործանարար նյարդաբանական հետեւանքները կարող են պահպանվել ավելի քան մեկ տարի, նույնիսկ երբ մյուս ախտանիշները թուլանում են, ցույց է տվել նոր հետազոտությունը, որը հրապարակվել է Annals of Clinical and Translational Neurology ամսագրում:

Գիտնականներն անցկացրել են նյարդաբանական ախտանիշների ամենաերկար հետազոտությունը այն պացիենտների շրջանում, որոնք երկար ժամանակ COVID-19 են ունեցել եւ այդպես էլ չեն հոսպիտալացվել:

Նյարդաբանական ախտանշանները, որոնք ներառում են գլխում մշուշ, թմրություն, ծակծկոց, գլխացավ, գլխապտույտ, մշուշոտ տեսողություն, ականջներում աղմուկ եւ հոգնածություն, առավել հաճախ են նկատվում այս հիվանդության դեպքում:

Նոր հետազոտությունը, որն անցկացրել են Հյուսիսարեւմտյան համալսարանի գիտնականները, անցած գարնանը հրապարակված ավելի կարճաժամկետ հետազոտության շարունակությունն է, որին մասնակցել են COVID-19-ի երկար ընթացք տարած 100 պացիենտներ: Այս հետազոտության ընթացքում հիվանդների 85 տոկոսը հայտնել է առնվազն չորս նյարդաբանական երկարատեւ խնդիրների մասին՝ սուր վարակներից վեց շաբաթ անց:

Հետագա հետազոտության շրջանակներում խումբը շարունակել է հետեւել սկզբնական մասնակիցներից 52-ին, ովքեր 18 ամիս եղել են Neuro համալսարանական հիվանդանոցի պացիենտներ: Հետազոտության մասնակիցների երեք քառորդը կանայք են եղել, իսկ նրանց միջին տարիքը՝ 43 տարեկան։ Նրանցից գրեթե 80 տոկոսը պատվաստվել է, եւ բոլորի մոտ դրսեւորվել են կորոնավիրուսի մեղմ ախտանիշներ, որոնք հոսպիտալացում չեն պահանջում։

Գիտնականները նաեւ պարզել են, որ որոշ ախտանիշներ, այդ թվում՝ սրտի զարկերի հաճախականությունը եւ արյան ճնշման փոփոխությունը, ինչպես նաեւ աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրները, վատացել են ժամանակի ընթացքում, մինչդեռ համի եւ հոտի կորուստը բարելավման միտում են ունեցել: Կորոնավիրուսի դեմ պատվաստումը չի մեղմացրել ախտանիշները, սակայն չի էլ վատացրել հիվանդության ընթացքը։

news.am