Ընդդիմությունը շատ ծանր վիճակում է, որովհետև չի հաջողվել մեկ ամսվա մեջ ստանալ իրենց ակնկալած կոնսոլիդացիան՝ իրենց ներկայացրած խնդիրներին համահունչ։ Այս մասին «Հանրային» հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նրա ձևակերպմամբ՝ եթե ըննդիմությունն ասում է` կործանվում ենք, ուրեմն 3 միլիոն մարդ պետք է դուրս գա, միանա։ Եթե դա ուղղակի ձևակերպում է իշխանության գալու համար, ապա մարդիկ զգում են ու չեն գնում։
«Գիտակցելով, որ Բրյուսելում որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու, գնում, գոռում են, որ մենք պայքարում ենք, որ որևէ փաստաթուղթ չստորագրվի Բրյուսելում։ Հետո էլ չի ստորագրվում, ասում են` տեսեք՝ մենք ասացինք, չստորագրվեց։ Շատ խելոք վերադառնալու են ԱԺ։ ԱԺ-ն արդեն պետք է արձակուրդ գնա մինչև օգոստոսի կեսերը։
Մարուքյանի խոսքով՝ ընդդիմության հույսն այն է, որ հիմա կցրվեն, կգա ամառ, արձակուրդներ, դրանք կանցնեն, սեպտեմբերից խելոք կգնան խորհրդարան, որովհետև ոչ ոք չի ուզում մանդատից զրկվել։
«Եթե գնում ես հեղափոխություն անելու, պետք է համակարգը մերժես, եթե չես մերժել, դրա մաս ես, պատգամավոր ես, այդպես չի լինում, որ հա՛մ հաճույքները վայելես, հա՛մ համակարգը մերժես։
Ժողովուրդն իրենց աշխատավարձ է տալիս։ Մենակ Հայաստանում է, որ դոլարով միլիոնատեր, ջիփերով մարդիկ ինչ֊որ մարդկանց ուղարկում են մետրոն կանգնեցնելու, որ աղքատ, միջին խավի մարդիկ ուշանան աշխատանքից։ Թող գնան Արցախում մի բնակավայր վերցնեն, իրենց անունից մի 50-100 տուն կառուցեն, կփրկեն Արցախը այդ մասով»,-ասաց հատուկ հանձնարարություններով դեսպանը։