Հնդկաստանը կարող է սահմանափակել բրնձի արտահանումը. Bloomberg
Advertisement 1000 x 90

Հնդկաստանը կարող է սահմանափակել բրնձի արտահանումը. Bloomberg

Ցորենի և շաքարավազի արտահանման սահմանափակումներից հետո Հնդկաստանը կարող է նմանատիպ միջոցներ կիրառել բրնձի նկատմամբ։ Նրան է բաժին ընկնում սպիտակ հացահատիկի համաշխարհային արտահանման 40%-ը։ Պարենային արդեն իսկ առկա խնդիրների ֆոնին դա կարող է հանգեցնել ևս միլիոնավոր մարդկանց սովի և մեծացնել գնաճային ռիսկերը, գրում է Bloomberg-ը։

«Ժամանակի հարց է, թե երբ կարելի է դիտարկել բրնձի արտահանման սահմանափակումները», – գործակալությանը ասել է Yes Bank Ltd-ից Ռադհիկա Պիպլանին:

Հնդկական սննդակարգում և պետական ​​սննդի ռացիոն համակարգում բրինձը սերտորեն կապված է ցորենի հետ: Ակնկալվում է, որ ցորենի դեֆիցիտի պայմաններում դրա մասնաբաժինը կավելանա ինչպես սպառման, այնպես էլ պաշարների մեջ։ Հնդկաստանի կառավարությունը կարող է դիտարկել բրնձի արտահանումը սահմանափակելու հարցը՝ ներքին մատակարարումները ապահովելու և գների աճը կանխելու համար, հայտնում է Economic Times-ը:

Մինչև վերջերս հացահատիկային բոլոր հիմնական ապրանքների թվում միայն բրինձն էր օգնում կանխել համաշխարհային պարենային ճգնաժամի վատթարացումը։ Ի տարբերություն ցորենի և եգիպտացորենի, որոնց գները կտրուկ բարձրացել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով, սպիտակ հացահատիկի ինքնարժեքը ցածր է մնացել առատ արտադրության և առկա պաշարների պատճառով։ Բայց եթե Հնդկաստանը որոշի սահմանափակել բրնձի արտահանումը, մյուս երկրները կարող են հետևել օրինակին, ինչպես դա եղավ 2008 թվականի պարենային ճգնաժամի ժամանակ, երբ Վիետնամը նման միջոցներ ձեռնարկեց: Ընդհանուր առմամբ, Ասիան արտադրում և սպառում է բրնձի մոտ 90%-ը:

Հնդկաստանի իշխանությունները հուսահատորեն պայքարում են գնաճի դեմ, որը հասել է ութ տարվա առավելագույնին և բացասաբար է անդրադառնում ընտրողների տրամադրությունների վրա։ Բրնձի արտահանումը սահմանափակելու որոշումը կախված կլինի նրանից, թե ինչպիսին կլինեն գները առաջիկա շաբաթների ընթացքում, ասել է Kotak Institutional Equities ընկերության Սուվոդիպ Ռաքշիդը: Բրինձը ցանվելու է, իսկ բերքատվությունը կախված է եղանակից։ Եթե ​​անձրևների սեզոնն անկայուն լինի, և բրնձի գները բարձրանան, հնարավոր է, որ արտահանումը սահմանափակվի, կարծում է տնտեսագետը։



Նման նյութեր