Forbes ամսագիրը հրապարակել է ռուս միլիարդատերերի ամենահարուստ ժառանգորդների վարկանիշը, որում ներառվել է նաև հայազգի Սերգեյ Գալիցկու (Հարությունյան) դուստրը՝ 3,3 մլրդ դոլար կարողությամբ:
Ցանկի 14-րդ տեղում «Մագնիտ» խանութների ցանցի հիմնադրի դուստրն է՝ 1995-ին ծնված Պոլինան, որը սովորել է Կրասնոդարի պետական գիմնազիայում, այնուհետ, ինչպես իր ծնողները, ավարտել է Կուբանի պետական համալսարանը «տնտեսագիտություն» ծրագրով։
Գալիցկու խոսքով՝ ինքը նախատեսում է սահմանափակ գումար թողնել դստեր ժառանգության համար։
«Նա համաձայնեց ինձ հետ: Հաջորդ սերունդը պետք է մոտիվացված լինի: Դագաղում գրպաններ չկան»,- պարզաբանել է գործարարը։
Մինչդեռ վարկանիշը գլխավորել է «Լուկօյլ»-ի խոշորագույն բաժնետեր Վագիտ Ալեքպերովի միակ որդին՝ Յուսուֆ Ալեքպերովը։
Հրատարակության տվյալներով՝ նրա ժառանգությունը գնահատվում է 21,4 միլիարդ դոլար։ Երկրորդ տեղում «ԵվրոԽիմ»-ի հիմնադիր Անդրեյ Մելնիչենկոյի դուստրն ու որդին են (11,35 միլիարդական դոլար), երրորդ տեղում են «Սիրբուր»-ի և «Նովատեկ»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնի ժառանգները (11,35 միլիարդական դոլար):
Նովոլիպեցկի երկաթի և պողպատի գործարանի գլխավոր բաժնետեր, տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինի որդիներն ու դուստրը չորրորդ տեղում են։ Մեկ երեխայի բաժինը կազմում է 8,3 մլրդ դոլար: Հինգերորդ տեղում են Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի որդին ու դուստրը (յուրաքանչյուրը 7,55 մլրդ դոլար)։