Գիտնականներն ուսումնասիրել են ուղեղի հնարավորությունները վտանգի պահին
Advertisement 1000 x 90

Գիտնականներն ուսումնասիրել են ուղեղի հնարավորությունները վտանգի պահին

Սայմոն Ֆրեյզերի համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը ենթադրում է, որ վտանգի սպառնալիքի դեպքում ուղեղը կարող է ավելի արագ սովորել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են eNeuro ամսագրում։

Մարդու օրգանիզմը մշտապես սովորում է հարմարվել նոր իրավիճակներին։ Շարժիչային ուսուցման ընթացքում ուղեղը շտկում է շարժումների սխալների պատճառ դարձած գործողությունները, որպեսզի զարգացնի շարժման այնպիսի ձեւեր, որոնք թույլ կտան մարմնին ավելի անվտանգ շարժվել:

«Անվտանգության մեր բնածին ձգտման եւ այն փաստի պատճառով, որ հավասարակշռությունը պահպանելը շարժման հիմքն է, մենք ենթադրեցինք, որ շարժման ժամանակ սխալ թույլ տալու ֆիզիկական հետեւանքների հավասարակշռությանը սպառնացող անհանգստությունը կնպաստի շարժվելու հիշողության զարգացմանը»,- բացատրել է սենսոշարժիչային նեյրոգիտության լաբորատորիայի ասպիրանտ Ամանդա Բակկումը, ով հետազոտությունն անցկացրել է պրոֆեսոր, Նյարդաբանության եւ նյարդատեխնոլոգիայի ինստիտուտի փոխտնօրեն Դեն Մարիգոլդի հետ։

Այս գաղափարը ստուգելու համար հետազոտողները մի խումբ մասնակիցների խնդրել են կատարել ճշգրիտ քայլելու առաջադրանք՝ կրելով տեսողությունը փոխող պրիզմատիկ լինզաներ: Լինզաները մեծացրել են առաջադրանքի դժվարությունը՝ արհեստականորեն փոխելով մասնակիցների ընկալումը ոտք դնելու թիրախային վայրի մասին, ինչը հանգեցրել է սխալների։

Որոշ մասնակիցների համար առաջադրանքն էլ ավելի է բարդացել, քանի որ թիրախի մոտ վտանգ է եղել, որի պատճառով նրանք կարող էին սայթաքել ու կորցնել հավասարակշռությունը։ Երբ այս խումբը վերադարձել է հաջորդ շաբաթ, նրանք կարողացել են ավելի լավ հիշել եւ կատարել առաջադրանքը:

Հնարավոր վնասվածքի սպառնալիքի դեպքում մասնակիցների շարժական ուսուցումը բարելավվել է: Նրանք կարողացել են ավելի լավ շտկել սխալները շարժման մեջ, որպեսզի հետագայում կարողանան ավելի անվտանգ կատարել առաջադրանքները:

Հետազոտողները ենթադրում են, որ իրենց ստացած արդյունքները կարող են օգտագործվել նյարդաբանական խանգարումներ ունեցող մարդկանց վերականգնման համար ավելի արդյունավետ բուժում մշակելու նպատակով:

Հետազոտության արդյունքները վկայում են, որ կարող են լինել նաեւ այլ իրավիճակներ, որոնք կարելի է օգտագործել շարժական ուսուցումը բարելավելու համար:

news.am