Մոսկվայում բացվել է գաղտնի հետախույզ Վարդանյանի հուշարձանը
Advertisement 1000 x 90

Մոսկվայում բացվել է գաղտնի հետախույզ Վարդանյանի հուշարձանը

Լեգենդար գաղտնի հետախույզ, Խորհրդային Միության հերոս Գեւորգ Վարդանյանի հուշարձանը բացվել է Մոսկվայում՝ նրա անունը կրող № 2070 դպրոցի տարածքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Վարդանյանը համարվում է ռուսական գաղտնի հետախուզության ամենավառ խորհրդանիշներից մեկը, ում հարյուրամյակը լրանում է հունիսի 28-ին։ Դպրոցը գտնվում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության գլխավոր գրասենյակի մոտ։

Հուշարձանի հեղինակը քանդակագործ Ալեքսանդր Գոլովաչովն է։ Ավելի վաղ նա «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ Վարդանյանին պատկերել է բազմաթիվ լուսանկարներից նրա հայտնի կեցվածքով՝ ձեռքերը մեջքին եւ «մտավորականի նուրբ ժպիտը՝ առնական դեմքին»։

Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Արտաքին հետախուզության ծառայության փոխտնօրեն Եվգենի Կոլեսնիկովը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք, արտաքին հետախուզության վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչներ, № 2070 դպրոցի ուսուցիչներ եւ աշակերտներ։

«Բոլորս գիտենք, որ նա եւ նրա կինը՝ Գոհար Վարդանյանը, երկար տարիներ աշխատել են արտերկրում՝ որպես գաղտնի հետախույզներ։ Գեւորգ Անդրեեւիչն իր ընտրությունը կատարել է 16 տարեկանում եւ բռնել է ֆաշիզմի դեմ պայքարի ուղին։ Դրանից հետո նա տասնյակ ուշագրավ գործողություններ է իրականացրել արտերկրում՝ բացահայտելու մեր հայրենիքի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները եւ յուրաքանչյուր ուղեւորությունից վերադարձել է հաղթանակով»,- ասել է Կոլեսնիկովը։

Գաղտնի է համարվում այն հետախույզը, որն աշխատում է օտար պետությունում՝ այս կամ այն երրորդ երկրի քաղաքացու անվան տակ: Գաղտնի հետախույզը գործում է իր համար մանրազնին մշակված լեգենդի համաձայն։

news.am