Ոչ վաղ անցյալում կապիկի ծաղիկի դեպքեր գրանցվում էին միայն աֆրիկյան երկրներում, իսկ Արեւմուտքում միայն հատուկենտ դեպքեր էին լինում՝ կապված այդ երկրներ ուղեւորությունների հետ։ Այսօր կապիկի ծաղիկով վարակվում են մարդիկ, որոնք Աֆրիկա չեն գնացել եւ վերջին ամիսներին ապրել են ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում, որտեղ հիվանդությունը երբեք տարածում չի ունեցել։
Ամբողջ աշխարհում վերջին 20 օրում գրանցվել է հիվանդության ավելի քան 300 դեպք, եւ դրանց մեծ մասը որեւէ կապ չի ունեցել Աֆրիկա ուղեւորությունների հետ։ Այս տեղեկությունը մտահոգել է ոչ միայն առողջապահության ոլորտում աշխատող միջազգային կազմակերպությունների մասնագետներին, այլեւ դավադրության տեսությունների սիրահարներին։
«Կրակի վրա յուղ է լցրել» մի տարօրինակ փաստ. 2021 թվականի մարտին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կատարել են մի հետաքրքիր «վարժություն», որի ընթացքում դիտարկել են համաշխարհային համավարակի սցենարը, որն առաջացել է․․․ այո, կապիկի ծաղիկի պատճառով։