Ինչպե՞ս է նյարդերի խթանումը կարգավորում օրգանիզմում բորբոքումը
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս է նյարդերի խթանումը կարգավորում օրգանիզմում բորբոքումը

Հայտնի է, որ նյարդային համակարգը փոխազդում է իմունային համակարգի հետ եւ կարգավորում է բորբոքումն օրգանիզմում: Շվեդիայի Կառոլինայի ինստիտուտի հետազոտողները ցույց են տվել, թե ինչպես որոշակի նյարդի էլեկտրական ակտիվացումը կարող է նպաստել սուր բորբոքումների ապաքինմանը: Հետազոտությունը հրապարակվել է PNAS ամսագրում։

Թե ինչպես է օրգանիզմը կարգավորում բորբոքումը, միայն մասամբ է ուսումնասիրված: Կառոլինայի ինստիտուտից Պեդեր Օլոֆսոնի խմբի եւ այլ հետազոտական խմբերի նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ թափառող նյարդի էլեկտրական խթանումը կարող է նվազեցնել բորբոքումը: Նյարդերի նման խթանումը հուսադրող արդյունքներով օգտագործվել է աղիների բորբոքային հիվանդությամբ եւ ռեւմատոիդ արթրիտով հիվանդների կլինիկական հետազոտություններում: Սակայն պարզ չէ, թե ինչպես են նյարդային ազդանշանները կարգավորում բորբոքման ակտիվ լուծումը:

Գիտնականները ցույց են տվել, որ բորբոքման ժամանակ թափառող նյարդի էլեկտրական խթանումը փոխում է հավասարակշռությունը բորբոքային եւ մասնագիտացված հակաբորբոքային մոլեկուլների միջեւ, ինչը նպաստում է ապաքինմանը:

«Մեր արդյունքները պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպես նյարդային համակարգը կարող է արագացնել բորբոքման լուծումը՝ ակտիվացնելով որոշակի ազդանշանային ուղիներ»,- ասել է հետազոտության հեղինակ դոկտոր Պեդեր Օլոֆսոնը:

Հետազոտողները կշարունակեն ավելի մանրամասն ուսումնասիրել, թե ինչպես են նյարդերը կարգավորում բորբոքման ապաքինման գործընթացը։

«Թափառող նյարդը միայն մեկն է բազմաթիվ նյարդերից, որոնք կարգավորում են իմունային համակարգը: Մենք կշարունակենք քարտեզագրել այն նյարդերի ցանցերը, որոնք կարգավորում են բորբոքումը մոլեկուլային մակարդակում եւ ուսումնասիրել, թե ինչպես են այդ ազդանշանները մասնակցում հիվանդությունների զարգացմանը»,- հավելել է գիտնականը:

news.am