Փորձագետները Eat This, Not That!-ին պատմել են այն առօրյա սովորությունների մասին, որոնք վաղաժամ ծերացման են հանգեցնում:
Որպես առաջին կետ` մասնագետները նշել են արեւայրուք ստանալու նկատմամբ չափազանց մեծ սերը։
Yale Medicine բժշկական խումբը նախազգուշացնում է, որ արեւի ճառագայթները կարող են լուրջ վնաս հասցնել մաշկին՝ այրոցներից մինչեւ քաղցկեղ։
Մասնագետների կարծիքով՝ շաքարով գազավորված ըմպելիքների կանոնավոր օգտագործումը եւս ազդում է մարդու արագ ծերացման վրա` նյութափոխանակության հիվանդությունների զարգացման հանգեցնելով:
Վաղաժամ ծերացման պատճառ հանդիսացող ամենավնասակար սովորությունների թվում Wellspring School of Allied Health-ը նշել է մարմնի ոչ բավարար շարժունակությունն ու ճկունությունը:
Կան որոշակի տեսակի վարժություններ, որոնք կարող են օգնել ձեզ հանգստացնել ձեր մկանները եւ հոդերը, ինչպիսիք են յոգան կամ պիլատեսը:
Քնի խանգարումներ ունեցող մարդիկ, հատկապես` ապնոէ, կարող են ավելի արագ ծերանալ, քան մյուսները. եթե ունեք այս հիվանդությունը, դիմեք բժշկի, խորհուրդ են տալիս մասնագետները։
Չարժե շատ մտահոգվել այս կապակցությամբ, քանի որ սթրեսը եւս ծերացնում է ձեզ:
Ավելի կարճ տելոմերներ ունեցող մարդիկ, որոնք կրճատվել են սթրեսի հետեւանքով, մի շարք լուրջ հիվանդությունների ավելի մեծ ռիսկի են ենթարկվում, այդ թվում՝ սրտի հիվանդությունների եւ քաղցկեղի որոշ տեսակների զարգացման:
Համակարգչի առաջ անընդհատ նստելը վաղաժամ ծերացման պատճառներից մեկն է։ Աշխատանքի միջեւ պարբերական ընդմիջումները յուրաքանչյուր 90 րոպեն մեկ կարող են օգնել ձեր մկաններին, նպաստել ճկունությանն ու կենտրոնացմանը, բարելավել արյան շրջանառությունը, նշել է բժիշկ Յակոբ Հասկալովիչը:
Արագ ծերացման եւս մեկ պատճառ ծխելն է։
Պլաստիկ վիրաբույժները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում համեմատել են երկվորյակների դեմքերը, որոնցից մեկը մյուսից առնվազն հինգ տարով երկար է ծխել։ Նրանք ծխող երկվորյակների դեմքերին արագացված ծերացման մի քանի հիմնական հատված են հայտնաբերել. ծխողների մոտ վերին կոպերը կախված էին, ստորին կոպերը թուլացել էին եւ բերանի շուրջ ավելի շատ կնճիռներ կային:
Վաղաժամ ծերացման հանգեցնող մեկ այլ սովորություն դեմքի լարված արտահայտությունն է: Բժիշկ Լիեն Փոստոնի խոսքով՝ ժպտալն ավելի է ուրախացնում մարդուն եւ ավելի շատ էներգիա է հաղորդում։