Ցանկացած բանակցություն, որը կավարտվի որևէ փաստաթղթի ստորագրումով, ի վնաս մեզ է լինելու. Վազգեն Մանուկյանի հայտարարությունը
Ամենաճիշտը կա՛մ չբանակցելն է, կա՛մ բանակցություններում իրական ազգային նախապայմաններ դնելը։
Հայաստանի և Արցախի շուրջ այժմ տեղի են ունենում գործընթացներ, որոնք լուրջ վտանգի տակ են դնում մեր պետության գոյությունը։
Ներկայիս իշխանությունն իր առջև ուրիշ խնդիրներ են դրել, այդ խնդիրերից մեկն էլ ամեն գնով «խաղաղության» պայմանագիր կնքելն է։
Այս իշխանությունը չհիմնավորված ու վտանգավոր շտապողակության պատճառով պատրաստ է զոհաբերել մեր ազգային շահերն ու արժեքները՝ ստեղծելով անվերադարձ կորուստներ և առաջ բերելով նոր մարտահրավերներ։
Հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու նախապայմանը եղել է Արցախի անկախության ճանաչումը, որի համար Հայաստանը տասնամյակներով պայքարել է միջազգային հարթակներում։
Հայաստանի և Թուրքիայի միջև նույնպես միշտ փորձ է արվել հարաբերություններ հաստատել, և միջազգային հանրությունն ընկալել է, որ ունենք բնական նախապայմաններ՝ ցեղասպանության ճանաչման ու Արցախի անկախության հարցի հետ կապված։
Բայց այսօր ամբողջ աշխարհը զարմանքով տեսնում է, թե ինչպես է Հայաստանն ամբողջությամբ զիջում իր բնական իրավունքները՝ չստանալով ոչինչ։