Հանրապետությունում հունվարի 27-ին ժամը 14:30-ի դրությամբ բոլոր միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին տեղում է ձյուն: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ – Ճամբարակ ճանապարհը, ինչպես նաև առատ ձյան պատճառով (60 սմ) ժամանակավորապես փակվել է Ջրաբեր – Ֆանտան հանրապետական նշանակութ յան ճանապարհահատվածը:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացրին, որ խիտ մառախուղ է Սիսիանի ավտոճանապարհներին՝ տեսանելիությունը 20-30մ: Բքի և առատ ձյան պատճառով դժվարանցանելի են Հոռոմ – Արթիկ – Ալագյազ, Ախուրյանի տարածաշրջանի Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները , Աշոցք – Բավրա ավտոճանապարհը:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի կարգադրությամբ` շուրջօրյա հերթապահություն է սահմանվել հանրապետական եւ միջպետական նշանակության ճանապարհներին: Ճանշիններն ապահովված են անհրաժեշտ տեխնիկայով, աշխատում են արտակարգ ռեժիմով, կատարում են ճանապարհներն աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հունվարի 27-ի ժամը 14.00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը (Վայոց ձորի հատված), Մ-16 ավտոճանապարհի Նոյեմբերյան-Ջուջևան հատվածը, Տիգրանաշենի ոլորանները, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը, Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Երնջատափ, Շողակն, Եղիպատրուշ, Մելիքգյուղ, Նիգավան գյուղերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են:
Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 30-36-րդ, Վարդենյաց լեռնանցքի 25-35-րդ կմ-երին և Երևան-Գեղարդ Հ-3 հատվածի, Մարալիկ-Լանջիկ, Գյումրի-Վանաձոր և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Շիրակի մարզում բուք է:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: