Հայոց ավանդական տոնակարգում Վարդավառն ամառային ամենամեծ տոնն է` եկեղեցու հինգ տաղավար տոներից: Նախաքրիստոնեական շրջանից այն հայտնի է որպես վարդամատն Աստղիկ դիցուհու տոն, Հայ առաքելական եկեղեցին այն տոնում է որպես Քրիստոսի պայծառակերպության օր: Շարժական այս տոնը նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո՝ հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Այս տարի այն նշվելու է հուլիսի 24-ին:
Տոնի հիմքում Թաբոր լեռան վրա Քրիստոսի պայծառակերպ երևումն է, որն, ըստ քրիստոնեական հավատալիքների, մաքրագործված-աստվածացած մարդու իրական կերպն է. Քրիստոսի պայծառափայլ կերպն անմեղ մարդու աստվածանման մաքրության այն գագաթն է, դեպի որը բարձրանում է մարդը հոգևոր սրբագործման առօրյա դժվարին ճանապարհով: