Այսօր վաղ առավոտից Ազգային Ժողովի հարակից տարածքում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված՝ հատուկ հսկելով Ազգային Ժողովի ծառայողական մուտքը։
«Փաստինֆո»-ի տեսախցիկը ֆիքսել է, որ ոստիկանական ուժերի մեծ մասը՝ մի քանի ավտոբուս սեւ եւ կարմիր բերետավորներ, կենտրոնացվել է Գիտությունների Ազգային ակադեմիայի շենքի մոտ, մի մասն էլ տեղակայվել են Սիրահարների այգում, նրանց թվում կան նաեւ քաղաքացիական հագուստով աշխատակիցներ, որոնք տեսախցիկները տեսնելով փորձում էին առանձնանալ ոստիկանական համազգեստով անձանցից։ Այդուհանդերձ՝ հաջողվել է նրանց միասին որոշ կադրեր նկարահանել։
Նկատենք, որ այսօր Ազգային Ժողովում որևէ հատուկ միջոցառում նախատեսված չէ, չկա նաև օրակարգային կամ արտահերթ նիստ։
Թե ինչո՞վ է պայմանավորված ոստիկանական ուժերի կողմից այսօրինակ կուտակումը՝ օրենսդիր կառույցի հարևանությամբ, հայտնի չէ։ Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները չպատասխանեցին լրատվամիջոցի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված օրվա եռուզեռը Ազգային Ժողովի շենքի հարևանությամբ։