Մենք չունենք անկախ և սեփական որոշումներով գործող ոստիկանություն՝ ոստիկանության գործողությունները խոսում են իշխանության այդ աթոռը ժամանակավորապես զբաղեցրածի վախերի մասին: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, «Դիմադրության» շարժման երթի ժամանակ լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Քրիստինե Վարդանյանը:
«Ոստիկանության արձագանքից մենք տեսնում ենք ՔՊ ժողովների ներքին քննարկումները։ Այստեղ Ոստիկանության հարցը չէ, այս պայքարը հակաոստիկանական չէ, նպատակը ոստիկանության բարեփոխումները չեն՝ Ոստիկանությունն էլ չի իրականացնում իր ֆունկցիան և չի ենթարկվում ոստիկանապետի որոշումներին՝ ուղիղ հրահանգ է իջնում իշխանական խմբակից։
Մարդիկ իշխանությունը պահելու համար տվել են հայրենիքը անգամ ու հիմա այդ մարդիկ, որոնք սեփական կոշիկը կպաշտպանեն, բայց հայրենիքը կտան, կանգնած են այդ իշխանությունը կորցնելու վտանգի առջև: Ուրեմն ինչպես կգործեն այդ մարդիկ․ իհարկե, հնարավոր ու անհնար բոլոր եղանակներով փորձելու են կառչած մնալ աթոռին, որ աշխարհում իրենց ունեցած ամենաթանկ բանն է»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։
Նա հավելեց, որ եթե հիմա չստացվի լուծել իշխանություններին հեռացնելու հարցը, այս իշխանությունը տոտալ բռնատիրության է գնալու: