«Հարցազրույցում Արարատ Միրզոյանը հիմնավորում է, թե ինչքան լավ բան է մարիխուանան»․ «Պլանքյաշի» գործով Սամսոնյանի ցուցմունքը․ Մաս 2 antifake.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Հարցազրույցում Արարատ Միրզոյանը հիմնավորում է, թե ինչքան լավ բան է մարիխուանան»․ «Պլանքյաշի» գործով Սամսոնյանի ցուցմունքը․ Մաս 2 antifake.am

Հունիսի 6-ին տեղի ունեցավ Արարատ Միրզոյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի գործով դատական նիստը։ Նիստի ընթացքում Նարեկ Սամսոնյանը հանդես եկավ որպես վկա և ցումցունք տվեց։ Նախորդ հրապարակմամբ ներկայացրել էինք Սամսոնյանի ցուցմունքի առաջին մասը, որտեղ վերջինս դատարանի առաջ հիմնավորում էր, թե ինչու է Արարատ Միրզոյանի կողմից իր դեմ ներկայացված դատական հայցը բացառապես քաղաքական հետապնդման գործընթաց։ Նա մասնավորապես շեշտադրում էր այն հանգամանքը, որ իր գրառումից առաջ և հետո բազմաթիվ քաղաքացիներ նույն արտահայտությամբ բնորոշել են Արարատ Միրզոյանին, սակայն Միրզոյանը որևէ մեկի դեմ դատական հայց չի ներկայացրել։

Ցուցմունքի երկրորդ մասում Սամսոնյանն անդրադարձավ իր գրառման, ըստ Արարատ Միրզոյանի, զրպարտաչական ու վիրավորական բնույթին։

Նա վկայակոչեց այն ժամանակ Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի՝ 2018 թվականի հունիսի 22–ին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում հնչեցրած մտքերը։

Սամսոնյանն ուղիղ մեջբերումներ արեց հարցազրույցից, որը ներկայացնում ենք ստորև․

 «Լրագրող. Դուք չպատասխանեցիք մարիխուանայի օրինականացման թեմայով հարցին։
Արարատ Միրզոյան. Հա, մարիխուա՜նա, մարիխուա՜նա (ժպտում է)։ Տեսեք, այստեղ պետք է առանց էմոցիաների խոսել։ Ուրեմն, մի քանի պնդում վերցնենք, որպեսզի քննարկումը ճիշտ ուղղությամբ գնա։ Նախ կան պնդումներ, որի համաձայն մարիխուանան շատ ավելի անվնաս է մարդու օրգանիզմի համար, քան, օրինակ ալկոհոլը, որը բոլորս օգտագործում ենք
Լրագրող. Քան ծխախոտը։
Արարատ Միրզոյան. Քան ծխախոտը, որը մեզնից շատերը օգտագործում են, և Հայաստանը, գիտեք, ինչ բարձր ցուցանիշներ ունի այս առումով։ Երկրորդ, մարիխուանայի օգտագործում չի նշանակում թմրամոլություն, այսպես բան, փողոցներում ինչպես շատ հաճախ փորձում են դա մատուցել։ Մարիխուանան որոշակի վերահսկողական ձևերով, հստակ սահմանված վայրերում վաճառվում է շատ մայրաքաղաքներում, Նահանգներում, չգիտեմ՝ Կալիֆորնիայում, Հռոմում, Ամստերդամում, և այլն, և այլն։ Կան հստակ տեղեր, որտեղ դա կարելի է օգտագործել։ Դա ներգրավում է որոշակի տուրիստներ․․․ Այնտեղ մի ուսումնասիրություն ցույց տվեցին, որ չափահաս քաղաքացիները․․․ Այսինքն կարգավորվում է այդ ոլորտը, եթե թույլատրվում է երբևէ որևէ տեղում մարիխուանան։ Եվ հստակ թվեր կան, մի օրինակ բերեցին վերջերս, թե ինչ կարճ ժամանակահատվածում ինչ ահռելի գումար է բերել այս քայլը բյուջեին, մի միլիարդի մասին էր անգամ խոսվում։ Բայց ուզում եմ վստահեցնել, որ սա պետք չէ այսպես հոգևոր արժեքների, բանի կոնտեքստում նայել նաև շատ, որովհետև մենք․․․ Գիտեք, փարիսեցիությունը լավ բան չի․ չի կարելի անընդհատ գոռալ բանակի սրբության սրբոց լինելու մասին և թալանել բանակը, չի կարելի անընդհատ գոռալ մարիխուանայի չթուլատրման մասին, և գնալ իրիկունը ընկերներ հետ մարիխուանա օգտագործել։ Իսկ Հայաստանում շատ բան հենց տենց ա արվում։ Նաև ապօրինի վաճառքի հարցն է լուծվում, բյուջեի եկամուտներ է ապահովում, գուցե նաև ավելի ճիշտ չափով, ճիշտ քննվող միջոցներով մարիխուանա վաճառվի, քան հիմա է արվում (նկատի ունի՝ մարիխուանայի վաճառքի համար սև շուկան)։ Ես ոչ դրա կողմնակիցն եմ, ոչ էլ ընդդիմադիրը (նկատի ունի՝ մարիխուանայի օգտագործման օրինականացումը) այս պահին, չունեմ բավարար տեղեկություններ որպեսզի պնդում անեմ, իմ կարծիքը հայտնեմ, իմ որոշումը կայացնեմ։ Բայց մի բան էական է․ ինչպես շատ այլ ոլորտներում, այնպես էլ այստեղ կեղծավորությունը, ստից արժեքներից խոսելը, բայց այդ արժեքներին չդավանելը և փարիսեցիությունը շատ–շատ վատ երևույթ է, և մեր տունը դա է տարիներ շարունակ քանդել»:

Սամսոնյանը նախ և առաջ նշեց, որ «պլանքյաշ» բառը բնավ չի նշանակում «թմրամոլ»՝ ընդգծելով, որ իր հարցազրույցում Արարատ Միրզոյանն անձամբ հիմնավորել է այդ տեսակետը։ «Արարատ Միրզոյանն ինքն է ասում, որ մարիխուանա օգտագործելը չի նշանակում թմրամոլություն»,– ասաց Սամսոնյանը։ Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ «պլանքյաշությունը» քրեորեն հետապնդելի արարք չէ և դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Արարատ Միրզոյանի մասին կան բազմաթիվ գրառումներ, որտեղ նրան անվանում են թմրամոլ։ «Ես այդ բառը չեմ օգտագործել, որը վիրավորական ու քրեորեն հետապնդելի է»,– նշեց նա։ Սամսոնյանը պատկերավոր օրինակ բերեց՝ Արարատ Միրզոյանի արածը նույնն է, թե գիշերը մի մարդ «խռացնի», մեկ այլ մարդ ասի, որ այդ մարդը «խռացնում է», իսկ «խռացնողն» ասի՝ «դու ինձ մեղադրում ես հարևանների անդորրը խաթարելու ու հանրային կարգը խախտելու մեջ, արի ու պատասխան տուր»։

«Սա ևս մի հիմք է հասկանալու համար, որ այդ մարդիկ ուզում են ինչ–որ մի ձև ինձ վնաս տան, նեղություն պատճառեն, քաղաքական հետապնդում իրականացնեն, լռեցնեն իմ ազատ քաղաքական խոսքը ու ընտրել են այս ճանապարհը»,– ասաց Սամսոնյանը։

Նա նշեց, որ Արարատ Միրզոյանը վիրավորվել է իր այն գրառումից, որտեղ նշվում էր՝ «Արարատ Միրզոյանին օգնեք կատարել պլանը»։ «Արարատ Միրզոյանի ընկալմամբ՝ ես գրել եմ՝ «Արարատ, գնա՛, պլանը ծխի»։ Այդ ընկալումները իմ մեղավորությամբ չեն, իմ գրառման մեջ նման բան գրված չէ»,– ասաց նա։

Հարցազրույցից մեջբերումներ անելիս Սամսոնյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, թե ինչպես է պետական պաշտոնյան հիմնավորում՝ ինչքան լավ բան է մարիխուանան։

Սամսոնյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ այդ արտահայտությամբ Արարատ Միրզոյանին բնորոշել են շատ–շատերը, իսկ ինքը այդ բառն օգտագործել է որպես քաղաքական խոսք, որպես ածական՝ շեշտելով, որ Արարատ Միրզոյանը չի վիրավորվում այդ բառից, դեռ մի բան էլ ինքն է պնդել, որ «պլանքյաշ» չի նշանակում «թմրամոլ»։

«Ավելին, ինքն ապացուցել է, որ հարյուրավոր ու ինձնից ավելի մեծ լսարան ունեցող մարդկանց ասածներից ինքը չի նեղվում։ Ինքը «նեղվել է» իր քաղաքական հակառակորդի ասածից։ Եվ սա ընդամենը ինձ ճնշելու նպատակ է հետապնդում»,– ասաց Սամսոնյանը։

Որպես ամփոփում Նարեկ Սամսոնյանը, դիմելով Դատարանին, առաջարկեց մի օր առանց պատմուճանի փողոցում քայլելիս մոտենալ ցանկացած քաղաքացու և հարցնել՝ Արարատ Միրզոյանի մասին հանրային ընկալումներն ինչպիսին են հենց այս համատեքստում․ «Ես արտահայտել եմ այդ հանրային ընկալումները»։

Հիշեցնենք՝ Արարատ Միրզոյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ վիրավորանքի և զրպարտության միջոցով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջով։ Վեճն ընթանում է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի մի ֆեյսբուքյան գրառման առնչությամբ, որտեղ վերջինս օգտագործել էր հանրության կողմից Արարատ Միրզոյանի մասին մի հայտնի բնորոշում՝ «պլանքյաշ»։ Հենց այս բառի առնչությամբ Արարատ Միրզոյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին։ Հայցը ներկայացվել է 2019թ. դեկտեմբերի 23-ին: Գործը քննում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանը։ Նարեկ Սամսոնյանի շահերը ներկայացնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

Antifake.am



Նման նյութեր