Հայկական ընկերությունը Իրան ընկույզ մատակարարելու համաձայնություն է ձեռք բերել. news.am
Advertisement 1000 x 90

Հայկական ընկերությունը Իրան ընկույզ մատակարարելու համաձայնություն է ձեռք բերել. news.am

«Հայկական գարեջուր» ընկերությունը իրանական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերել մի քանի ապրանքների արտահանման մասին, մասնավորապես՝ ընկույզի և դիատոմիտի՝ զտող փոշի: Այս մասին հայ-իրանական բիզնես համաժողովի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Աշոտ Բաղդասարյանը:

«Մենք քաղաքական լավ հարաբերություններ ունենք, ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին՝ ահա արդեն 25 տարի է այդ ճանապարհը միակողմանի երթևեկությամբ է: Այս հանդիպումը ուղղված է ստեղծված վիճակը փոխելուն, Հայաստանը ներմուծող երկրից նաև ակտիվ արտահանող երկրի վերափոխելուն: Դրան կնպաստի ազատ տնտեսական գոտիների ստեղծումը: Մենք արդեն մի քանի ապրանքների, մասնավորապես ընկույզի և դիատոմիտի արտահանման համաձայնություն ենք ձեռք բերել: Մենք այն հիմա էլ ենք Իրան մատակարարում, սակայն առանձին ընկերությունների, որը գնային քաղաքականության տեսակետից մի շարք խնդիրներ է ստեղծում: Այդ պատճառով մենք առաջարկում ենք արտահանումը պաշտոնական մակարդակով կազմակերպել, ինչը կնպաստի այս ապրանքի մատակարարումների ծավալի բազմապատիկ ավելացմանը: Հարկ է նշել, որ դիատոմիտ են օգտագործում Եվրոպայի և ԵՏՄ-ի բոլոր առաջատար գարեջրի գործարանները, այդ թվում՝ Carlsberg-ը, Heineken-ը»,- հավելեց ձեռնարկատերը:

Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծման հեռանկարներին և փոխշահավետ պայմաններով համագործակցության հարցերին նվիրված համաժողովին մասնակցող իրանցի ձեռնարկատերերը ընդհանուր առմամբ մեծ հետաքրքրություն դրսևորեցին ոչ միայն հայկական հումքի, այլ նաև տեխնոլոգիաների նկատմամբ:

Քանի որ Հայաստանում այգեգործությունը շատ զարգացած է, իրանցի գործարարները առաջարկում են ազատ տնտեսական գոտում համատեղ ձեռնարկություններ հիմնել: Հումքը Հայաստանից, փաթեթավորումը՝ Իրանում, և ձեր առաջ է պատրաստի արտադրանք՝ առանց մաքսատուրքի ԵՏՄ երկրներ մատակարարելու համար: Ոչ պակաս հետաքրքրություն են ներկայացնում նաև տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են այգեգործության, անասնապահության և սննդարդյունաբերության մեջ, նաև մարտկոցների արտադրության մեջ:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Երևանում անցկացվում է հայ-իրանական բիզնես համաժողով՝ նվիրված Հայաստանում ազատ տնտեսական գոտիների ստեղծման հեռանկարներին և փոխշահավետ պայմաններով համագործակցության հարցերին:

news.am