Գեղասահորդ, Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից Թինա Կարապետյանը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
«20 տարի կյանքս սպորտին նվիրելուց հետո ուրախ եմ հայտարարել, որ ավարտում եմ կարիերաս: Միշտ այնքան գեղեցիկ ու ազատ եմ զգացել սահելիս, կարծես սառույցն է այն տեղը, որին ես պատկանում եմ: Այն իմ տունն է եղել, որտեղ ես անցկացրել եմ իմ բոլոր առավոտները:
Ինձ համար մեծ պատիվ է եղել ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակներում ու վաստակել ինձ օլիմպիական կոչելու իրավունքը: Այս սպորտն իմ կյանքը փոխել է դեպի լավը, ու ես հավերժ երախտապարտ եմ: Ես ամբողջովին նվիրվել եմ հաջողության հասնելու համար: Այնքան հպարտ եմ ինձնով, որ կարողացել եմ արյան, քրտինքի ու արցունքների գնով հասնել իմ բոլոր նպատակներին ու իրականացնել երազանքս»,- մասնավորապես գրել է Թինա Կարապետյանն իր ինստագրամյան էջում:
Հայ մարզուհին նաև շնորհակալություն է հայտնել ընկերներին, ամուսնուն, գեղասահքում իր զուգընկերոջը՝ Սիմոն Սենեկալին։