Շրջիկ առևտրի կետերի մեծ մասը դադարել են աշխատել. ո՞րն է պատճառը
Advertisement 1000 x 90

Շրջիկ առևտրի կետերի մեծ մասը դադարել են աշխատել. ո՞րն է պատճառը

Անցած տարվանից շրջիկ առևտրի կետերը գործում են միայն քաղաքապետարանի թույլտվությամբ: Երևանում առանձնացվել ու կահավորվել է 52 կետ: Գործունեության սկսելու համար տնտեսվարողները քաղաքապետարան պետք է ներկայացնեն դիմում-հայտ՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը. տեղական տուրքի վճարման անդորրագիր (50 հազար դրամ), դիմումատուի պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենը, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճենը, շրջիկ առևտրի կետի լուսանկարներ, իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձնագրի պատճենը:

Շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն ապրանքների պահպանման և մանրածախ առևտրի, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով: Բացի այդ, ավտոմոբիլները և (կամ) դրանց կցորդները կարող են ունենալ մինչև 10 մետր երկարություն, 2,5 մետր լայնություն և 3 մետր բարձրություն: Շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն էլեկտրաէներգիայի արտադրման անկախ համակարգով:

Առանց թույլտվության կամ պայմանները խախտելու դեպքում նախատեսված է տուգանք. առաջին անգամ՝ 100 հազար դրամ, իսկ կրկնելու դեպքում՝ 500 հազար դրամ: Տուգանքը վճարելուց զատ՝ խախտում կատարած տերը նաև պետք է տարհանի շրջիկ առևտրի կետը:

Պարզվում է՝ շրջիկ առևտրով զբաղվող շատ քաղաքացիների համար ստեղծված պայմանները ձեռնտու չեն, հենց այդ պատճառով էլ մեծ մասը դադարել է աշխատել:

Տեղերի ամրագրման համար նախատեսված arevtur.yerevan.am հարթակից տեղեկանում ենք, որ այս պահին զբաղված է Սվաճյան փողոցում շրջիկ առևտրի կետերին հատկացված տեղը: Այն ազատ կլինի հունիսի 8-ից: Մի շարք ազատ տեղեր կան Կենտրոն վարչական շրջանում, Աջափնյակում, Արաբկիրում, Ավանում, Նոր Նորքում, Շենգավիթում:

Շրջիկ առևտրով զբաղվող քաղաքացիներից փորձեցինք պարզել, թե ո՞րն է հետաքրքրության նվազման պատճառը:

«Շատերս արդեն չենք զբաղվում շրջիկ առևտրով, ձեռնտու չէ: 1-3 շրջիկ առևտրի կետ է աշխատում, որոնց կոնստրուկցիան գործարանային է, իրենց հարմար է աշխատել, իսկ կցորդով դժվար է աշխատել, հնարավոր չէ 3 օրը մեկ տեղաշարժվել»,- մեզ հետ զրույցում նշեցին նրանք:

«Խոստացել էին, որ կետերն օժտված կլինեն հոսանքով, բայց նմանատիպ բան չեն արել: Ներկառուցված գեներատորով են աշխատում, ասում են՝ այնպիսին պետք է լինի, որ անձայն լինի, սակայն դա շատ թանկ է ու ոլորտի համար նպատակահարմար չէ: Անձայն գեներատորի գինը սկսվում է 6000-7000 դոլարից, իսկ այդքան գումարի դեպքում կարող ես ինչ-որ փոքրիկ շինությունում բիզնես ունենալ, ոչ թե շրջիկ կետ»,- ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր «Շարժական սրճարանների միության» հիմնադիր Արեն Մելիքյանը:

Հավելենք, որ կետերը հատկացվել են հիմնականում բուհերի, մարդաշատ վայրերի և կայարանների հարևանությամբ: Կենտրոնում ամրագրումն արվում է 1 օր, Արաբկիրում՝ 2 օր, և մյուս վարչական շրջաններում՝ մինչև 3 օր ժամկետով: Չեղարկել ամրագրումը հնարավոր չէ: Առևտրի շրջիկ կետերը գործում են օրական 14 ժամից ոչ ավելի՝ մինչև ժամը 23:00-ն: Այն տնտեսվարողները, որոնք չեն պահպանի սահմանված պայմանները կամ կգործեն առանց թույլտվության՝ կտուգանվեն:

Անի Կարապետյան