Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի չորրորդ տուրի Շոտլանդիայի հետ խաղից առաջ տեղի ունեցած ասուլիսին Խոակին Կապառոսից football365.am-ի թղթակիցը փորձեց պարզել, թե արդյոք գործող պայմանագրի ժամկետն երկարաձգելու առաջարկ ստացե՞լ է ՀՖՖ-ից, եթե ոչ, ապա ինչպես կարձագանքի, եթե նման բան լինի:
- Շոտլանդիա, Շոտլանդիա, շոտլանդիա,- այսպես պատասխանեց Կապառոսը football365.am-ի թղթակցի հարցին:
Վայրկյաններ անց Կապառոսը իր մայրենի լեզվով ինչ-որ տեքստ ասաց, իսկ թարգմանիչը փոխանցեց. «Անցած անգամ ոնց որ դուք ուզում էիք պարոն Կապառոսի պաշտոնաթողությանը հասնել: Հիմո ոնց որ ուզում եք նույն բանը կրկնել, բայց հանդիպումից հետո, որը հաղթեցինք 1:0 հաշվով, դուք ինչ-որ չերևացիք այս դահլիճում: Դա էլ կլիներ աշխատանք չէ՞, եթե լինեիք»:
Football365.am-ի թղթակիցը նկատեց, որ Իռլանդիայի հետ խաղի հետխաղային ասուլիսին ներկա է գտնվել մեր լրատվականի մյուս թղթակիցը: Թարգմանչին լսելուց հետո իսպանացին ասաց. «ok»:
Կապառոսի խոսքերին պատասխանելու ոչ ցանկություն կա, ոչ ժամանակ: Ամեն ինչ գրված է ու ասված վաղուց: Պարզապես հիշեցնենք, որ իռլանդացիների հետ հանդիպումից առաջ Կապառոսին հարցրել էինք, թե 9:0-ից հետո ի՞նչ պետք է տեղի ունենա, որ ինքը հրաժարական տա: Մարզչի մտքի գոհարները ստորև.
«Գոյություն ունի պայմանագիր, որը պետք է հարգել, և այդ պայմանագիրը դեռ ուժի մեջ է։ Իմ երկրում մարդիկ սովոր են հարգել պայմանագիրը։ Ես չգիտեմ՝ այստեղ մարդիկ ինչին են սովոր»,- ասել էր Կապառոսը:
Հ.Գ. Իրականում Կապառոսն այս ամենում մեղք չունի: Մեղավոր են նրանք, որոնք նրան այդքան թևեր են տվել ու շարունակում են տալ: Մեղավոր են նրանք, որոնք նույն ու ավելի լավ արդյունքներից հետո հարձակվում էին հայ մասնագետների վրա, իսկ այսօր Կապառոսի հնամաշ մեթոդներն են քննարկում ու դրանց վերաբերյալ նրա կարծիքը հարցնում: Առհասարակ մեղավոր են նրանք, որոնք նույն ասուլիսին չհարցրեցին նրան, թե ի վերջո ինչի են սովոր իր հայրենիքում: Սա դեռ քիչ է, վայելեք…