Վահանաձեւ գեղձը սիմետրիկ օրգան է, որը բաղկացած է երկու բլթերից եւ նեղոցից։ Նորմալ վիճակում վահանաձեւ գեղձի զանգվածը 20-65 գրամ է, իսկ մասերի չափը կախված է սեռատարիքային առանձնահատկություններից։ Դեռահասների վահանաձեւ գեղձը կարող է մեծանալ, իսկ տարեց մարդկանց մոտ, ընդհակառակը, փոքրանալ։ Վահանաձեւ գեղձն իր չափերը կարող է փոխել նաեւ հղիության ժամանակ, բայց ծննդաբերությունից 6-12 ամիս հետո ամեն բան վերադառնում է նորմին՝ առանց որեւէ բուժման։
Մեր վահանաձեւ գեղձը իսկապես «չի սիրում» որոշ բաներ, «Доктор Питер»-ին ասել է թունաբան, պրոֆեսոր Միխայիլ Կուտուշովը։ Դրանց մի մասը ձեզ կարող է միանգամայն անվնաս թվալ։
Երբ պարփակվում եք ինքներդ ձեր մեջ, անհարմարություններ կրում, ընդունում այն ամենը, ինչը կցանկանայիք մերժել, ապա դա էլ հենց հույզերը զսպելն է։ Նեգատիվը վատ է անդրադառնում նյարդային համակարգի, օրգանների աշխատանքի վրա, այդ ժամանակ տուժում է նաեւ վահանաձեւ գեղձը։
Կալորիաների անբավարարությունը եւ երկարատեւ քաղցելը քայքայում են մեր օրգանիզմը։
Լիարժեք քնի երկարատեւ բացակայությունը խախտում է հիպոթալամուս-հիպոֆիզ-վահանաձեւ գեղձ առանցքը։ Նվազում են վահանաձեւ գեղձի հորմոնների (ТТГ) սեկրեցիան, վահանաձեւ գեղձի ստիմուլյացիան, այսինքն՝ խիստ տուժում է կենտրոնական մեխանիզմը, որը կարգավորում է օրգանի աշխատանքը։ Լիարժեք քունը պետք է առնվազն 7-8 ժամ տեւի, սկսվի եւ ավարտվի տարբեր օրերին։
Յոդի, սելենի, ցինկի, երկաթի եւ մագնիումի պակասը հատկապես վտանգավոր է վահանաձեւ գեղձի համար։ Դրանք հիմնական հանքային նյութերն են, որոնք մասնակցում են այդ հորմոնների առաջացմանը, իսկ դրանց հավասարակշռությունից ուղղակիորեն կախված է վահանաձեւ գեղձի աշխատանքի որակը։
Վտանգավոր է նաեւ սպիտակուցի անբավարարությունը. դրանից են բաղկացած հորմոններն ու ֆերմենտները, որոնք մասնակցում են անհրաժեշտ նյութերի սինթեզին։
«Վահանաձեւ գեղձը չի սիրում սառնություն, ցեխաջուր, արեւի բացակայություն, որովհետեւ այդ ժամանակ նա ստիպված է ավելի ջանադրաբար աշխատել, որպեսզի կարողանա բարձր պահել ձեր տրամադրությունը»,- նշել է պրոֆեսորը։
Օրգանը լավ վիճակում պահելու համար ջանացեք ավելի շատ զբոսնել մաքուր օդում, հատկապես տաք եւ արեւային եղանակին, խորհուրդ է տվել մասնագետը։
Պահածոները, կիսաֆաբրիկատները, ֆասթֆուդը, պարզ ածխաջրեր, շաքար, գլյուտեն, կոֆեին պարունակող մթերքները կարող են բորբոքային պրոցեսներ առաջացնել օրգանիզմում, որոնց մի մասի պատճառով կարող եք արագ քաշ հավաքել եւ մշտապես հոգնածություն զգալ։ Ուստի, հետեւեք ձեր սննդաբաժնին, ասել է պրոֆեսորը։