Բրիտանացի հայտնի բլոգեր, աճպարար Լուկա Գալոնեն, որն Instagram-ում ունի ավելի քան 1,7 միլիոն, իսկ TikTok-ում՝ շուրջ 10 միլիոն հետեւող, տեւական ժամանակ է՝ Երեւանում է։
Լուկան սոցիալական հարթակներում կիսվում է զարմանահրաշ հոլովակներով՝ ցուցադրելով ամենատարբեր հնարքներ՝ մատների ճկունությամբ, խաղաքարտերով, նաեւ սոցիալական փորձարկումներ է իրականացնում՝ բացահայտելով, թե ինչպիսին են մարդիկ տարբեր իրավիճակներում։ Վերջերս, օրինակ, բլոգերը նման մի փորձարկում իրականացրել էր Երեւանում, իսկ տպավորությունների ու Հայաստանում գտնվելու մյուս մանրամասների մասին պատմել է NEWS.am STYLE-ի հետ զրույցում։
Լուկա Գալոնեն աճպարարությամբ սկսել է հետաքրքրվել վաղ մանկությունից, 6 տարեկանից արդեն փորձարկումներ էր կատարում։ Զրույցից հետո խոստովանեց, որ ինքն էլ է ժամանակին մտածել լրագրող դառնալու մասին, բայց ավելի ուշ հասկացել է, որ իր իրական կոչումն այլ է։ Լուկան իր հմտություններով փայլել է նաեւ Britain’s Got Talent/«Բրիտանիայի տաղանդը» շոուին՝ հիացնելով ժյուրիի բոլոր անդամներին, իսկ 2019-ին նրան նկատել է ամերիկացի հայտնի հաղորդավարուհի Էլեն Դեջեներսը ու հրավիրել մասնակցելու իր հանրահայտ՝ The Ellen Show-ին։
Չնայած գլխապտույտ հաջողություններին ու ճանաչմանը՝ Լուկան բավական համեստ է ու ընկերասեր, ժպտում է բոլորին ու պատրաստակամ է զարմացնել իր հնարքներով։
Ինչ վերաբերում է Հայաստանին ու հայերին, բլոգերի սրտում մեր երկիրն ունի առանձնահատուկ տեղ․ ասում է՝ Հայաստանն իր տունն է դարձել, որտեղ արդեն երրորդ անգամ է այցելում։
Լուկա, հրաշալի է Ձեզ Հայաստանում տեսնելը։ Արդեն մի քանի ամիս է՝ այստեղ եք, կկիսվե՞ք Ձեր հայաստանյան ծրագրերով։
Ես սիրահարված եմ Հայաստանին։ Շատ երկրներում եմ եղել, օրինակ՝ անցած տարի՝ մոտ տասը երկրում, եւ բոլորից ամենաշատը հենց Հայաստանն է ինձ դուր եկել․ մարդիկ, մշակույթը, Երեւանը, սնունդը՝ ամեն ինչ այստեղ հատուկ էներգետիկա ունի։ Դժվարանում եմ նկարագրել բառերով, բայց յուրաքանչյուրն այստեղ գալով կհասկանա՝ ինչի մասին եմ խոսում։ Նախորդ տարվա ընթացքում երկու անգամ եմ եղել Հայաստանում, այսպիսով՝ սա իմ երրորդ այցն է, իսկ նպատակն այն է, որ որոշել եմ այստեղ գրասենյակ բացել, որտեղ աշխատելու է հայկական թիմ, որոնք ինձ համար նախագծեր կիրականացնեն։ Կարծում եմ՝ չեմ սխալվել՝ Հայաստանն, իսկապես, ինձ համար լավագույն վայրերից է։
Ամբողջությամբ՝ style.news.am