Պապ թագավոր. արի, քաջ ու պատերազմիկ
Advertisement 1000 x 90

Պապ թագավոր. արի, քաջ ու պատերազմիկ

Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է Պապ թագավորի պատմությունը:

Պապ թագավորը (370-374) հայոց պատմության ամենահակասական, միաժամանակ` ամենաչգնահատված գործիչներից է: Փառահեղ մի տիրակալ, որին սակայն, ժամանակակից պատմիչները նեղ անձնական և դասակարգային շահերից ելնելով` ջանք չխնայեցին սևացնել որպես անհատ, որպես թագավոր և գործիչ: Չկա մեկ հայ պատմիչ, որ անեծքով ու զայրույթով չխոսի Պապ թագավորի մասին` մեղադրելով նրան անգամ համասեռամոլության և բազում այլ աղտերի մեջ: Իսկ արքայի «մեղքը» հայոց պետության անկախության նվաճումն ու ամրապնդումն էր:

Չորրորդ դարում, հայ-պարսկական ծանր ու երկարատև պատերազմի ժամանակ Ներսես կաթողիկոսը փոխանակ համախմբելու պառակտված հայկական ուժերին, ետ քաշվելով արքունի գործերից` զբաղված էր ավերված եկեղեցիների վերանորոգումով: Այսինքն, հայ եկեղեցին իր միջոցները փոխանակ պետության փրկության գործին ներդնի, շինարարությամբ էր զբաղված:

Նա անգամ բաց ըմբոստության անցավ հայոց Արշակ Բ թագավորի դեմ. մասնավորապես, արքայի եղբորորդի Գնելի սպանությունից հետո Ներսես Պարթևն այսպես է դիմում թագավորին. «Կործանում պիտի հասնի ձեզ, Արշակունյաց ցեղդ կխմեք վերջին բաժակը, կխմեք, կհարբեք ու կկործանվեք և այլևս չեք կանգնի…Դու, Արշակ, որովհետև Կայենի գործը գործեցիր, Կայենի անեծքին գաս, ողջ-ողջ թագավորությունից զրկվես և չարչարանքներ կրես քո Տիրան հորիցդ ավելի և դառն մահվամբ մեծ նեղության մեջ կյանքդ վերջացնես…»

Եվ անկախ նրանից, որ երկիրը կործանման եզրին էր, եկեղեցին բարգավաճում էր, նրա հաստատությունները աճում էին, ընդլայնվում: Բացի այդ` որպես երկրի խոշոր հողատերերից մեկը` հայ եկեղեցին ու Լուսավորչի տոհմը ոչ միշտ էին պետության ու պետականության կողքին կանգնած և հաճախ էին ըմբոստանում` խարխլելով պետականության հիմքերը: Այս ամենը չէր կարող հաշվի չառնել Պապ թագավորը և նա մի շարք բարեփոխումներ իրականացրեց հայոց պետության կառավարման համակարգում, ինչը առաջացրեց եկեղեցու և խավար կղերականության թշնամանքն ու արձագանքը:

Մինչդեռ Պապի մասին որպես երիտասարդ, խելացի և քաջ գործչի` հիացմունքով է արտահայտվում Հայաստանի թշնամի Հռոմեական կայսրության պատմիչը` Ամմիանոս Մարկելլինոսը, ով անգամ դատապարտում է հայոց արքայի չարանենգ սպանությունը: «Այսպիսի անարգ նենգությամբ դյուրահավատությունը խարդավանվեց. օտարականի (Պապ թագավորի) արյունը փրփրելով թափվեց շքեղ սեղանածածկոցների վրա` դեմ հանդիման աստուծո հյուրընկալության ժամանակ… այնուհետև ճաշկերույթի մասնակիցները՝ չափից դուրս հագեցած, բոլորովին սարսափահար եղան և փախան»:

Առհասարակ, հայ եկեղեցական պատմագրությունը ջանք չի խնայել Պապի կերպարը սևացնելու: Նրան անգամ փորձեր են արվել ներկայացնելու որպես ապօրածին որդի` ոչ Արշակի և Փառանձեմի որդին: Սակայն այս ամենը իրականում անհեթեթություն է: Պատմիչների չարության պատճառը կայանում էր ոչ միայն Պապի վարած քաղաքականությունն էր: Փավստոսը նշում է, որ Փառանձեմը մանկահասակ Պապին նվիրել է դևերին: Հայ կղերական պատմիչները դևեր էին անվանում հեթանոսներին: Հետևաբար` Պապ թագավորը /բնականաբար` նաև Փառանձեմը/ մկրտված քրիստոնյա չէր, այլ մայրը նրան կնքել ու դաստիարակել էր հին` հայ-արիական դավանանքով: Դրանով պետք է բացատրել նաև Պապի վարած անհանդուրժող քաղաքականությունը եկեղեցու և առհասարակ ազգակործան նրա քաղաքականության դեմ:

Ինչևէ, Պապ թագավորը ծնվել է մոտավորապես 354-355 թվականներին:

Նա գահ բարձրացավ շատ ծանր պայմաններում: Հայ-պարսկական երկարատև պատերազմից հետո պարտված ու ավերված Հայաստանը, որ կորցրել էր իր արքային, թագուհուն ու սպարապետին, դեռ պետք է կարողանար դիմագրավել արտաքին արհավիրքին: Դրա համար կամային, ուժեղ և օժտված առաջնորդ էր պետք: Եվ Պապ թագավորը եղավ այդպիսին, եղավ իր հոր` Արշակ Բ արքայի (350-368) արժանի ժառանգը:

368 թվականին Արշակ Բ գահընկեցությունից և Փառանձեմ թագուհու գերևարությունից ու ողբերգական մահից հետո ծայրահեղ ծանր իրավիճակ էր ստեղծվել Հայքում: Երկիրը հեծում էր պարսկական տիրապետության տակ: Բոլոր մեծ քաղաքներն ու շեներն ավերված էին, հայ նախարարներն ու եկեղեցին մյուս կողմից պառակտում էին կործանման եզրին գտնվող պետությունը: Եվ ահա հռոմեական գերության մեջ գտնվող 18-ամյա պատանին պիտի վերադառնար կործանվող հայրենիք` փրկելու այն: Ինչու էր Պապը հայտնվել Հռոմում` միանշանակ դժվար է ասել: Ուսումնասիրողներից ոմանք հակված են տեսակետին, թե նա կրթություն էր ստանում Հռոմում. հազիվ թե. ոչ վաղ անցյալում Հռոմը նենգաբար սպանել էր Արշակ Բ արքայի պատանդ եղբորոդուն` Արտաշեսին, և հազիվ թե հայոց արքան իր միակ զավակին և գահաժանգին Հռոմ ուղարկեր իր կամքով: Հավանաբար, Պապն այնտեղ էր պատանդի կարգավիճակով:

Պապը Հռոմի օգնական 10000-ոց զորաբանակով մի քանի հայ նախարարների ուղեկցությամբ վերադարձավ Հայաստան 368 թվականին: Նրա մուտքը Հայաստան շռնդալից էր. ամենուր Պապը իր փոքրաթիվ զորաբանակով հալածում ու կոտորում էր ոչ միայն պարսկական բանակները, այլև դավաճանած հայ նախարարներին: Սակայն սկազբնական շրջանում նա անհաջողության մատնվեց և պարսից բանակի հարվածների ներքո ստիպված էր նահանջել և ապաստանել Պոնտոսում` հռոմեական տիրապետության սահմաններում: Այնուամենայնիվ, դրսևորելով կամք ու վճռականություն` Պապ թագավորը կարճ ժամանակամիջոցում կարողացավ ազատագրել երկիրը, պարսկական բանակները վտարել Հայաստանից: Այս գործում նրա աջակիցն էր շնորհաշատ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը:

Սակայն պարսից Շապուհ Երկարակյաց արքան (309-379) հեշտ հանձնվողներից չէր: 371 թվականին նա հսկայական բանակով արշավեց Հայաստան: Արշավանքի ժամանակ Շապուհի ուղեկիցն էր հայրենիքը դավաճանած հայ խոշոր նախարարներից մեկը` Մեհրուժան Արծրունին: Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Նպատ լեռան լանջին` Ձիրավի դաշտում: Հզոր բախման արդյունքում պարսկական մեծաքանակ զորքը ջախջախիչ պարտություն կրեց և փախուստի դիմեց: Իսկ Մեհրուժան Արծրունին գերվեց և մահապատժի ենթարկվեց Պապի զորավարներից թագակիր ասպետ Սմբատ Բագրատունու կողմից:

Վտարելով պարսկական զորքերին Հայաստանից` Պապը անցավ երկրի վերազինմանը, վերակազմավորմանը: Նա միավորեց Հայաստանի ծայրագավառները, ամրացրեց հայոց բերդերը: Պապ թագավորը ծրագիր էր հղացել` միավորել երկիրն ու այն վերածել ամուր ռազմաբազայի: Շատ չանցած հայոց բանակի թվաքանակը հասավ 90.000-ի:

Կարգի գցելով բանակը` Պապը մի շարք բարեփոխումներ իրականացրեց հայոց երկրում: Տեսնելով, որ հայ եկեղեցու տնտեսական հզորությունը մեծ հարված է հասցնում երկրին` նա խլեց եկեղեցու ունեցվածքի յոթ մասից հինգը` հօգուտ պետության և բանակի: Պապը նաև փակել տվեց երկրի կուսանոցները և եկեղեցու տնտեսական հզորությունը թուլացնելով` ստիպեց հոգևորականությանը աշխատել: Նախկին վանքապատկան հողերը արքան շնորհեց բանակում ծառայող ազնվականությանը: Նա նաև վերացրեց բնակչության` եկեղեցուն տրվող տասնորդն ու պսակի հարկը:

Նա փակեց Ներսես կաթողիկոսի հիմնած միաբանություններն ու աղքատանոցները` որ քամում էին պետական գանձարանը և ապաստան էին ծառայում բազմաթիվ անբանների: Սա իհարկե, չէր կարող չառաջացնել խավարամիտ հոգևորականության զայրույթն ու չէր կարող շարունակական դավադրությունների տեղիք չտալ:

Ինչևէ, բանը հասավ նրան, որ հայ կղերական պատմիչները արքային մեղադրեցին անգամ Ներսես Ա Պարթև կաթողիկոսի սպանության մեջ: Ճիշտ է, արքայի և կղերականության միջև առկա էր լարվածություն, սակայն Պապի դիրքերն ու հեղինակությունն այնքան ամուր էին, որ թագավորն ուղղակի կաթողիկոսին սպանելու կարիքը չուներ: Ինչևէ, Ներսեսի մահը առիթ դարձավ, որ երիտասարդ թագավորը նոր, դարակազմիկ փոփոխություն կատարի հայոց կյանքում:

Մինչ այդ, հայոց կաթողիկոսները օծվում էին հռոմեական Կեսարիայում` տեղի եպիսկոպոսի կողմից և բնականաբար, հայոց եկեղեցին կախման մեջ էր Կեսարիայի մետրոպոլիտից: Պապ թագավորը խախտեց այդ կարգն ու նորընծա կաթողիկոսին` Հուսիկին, օծել տվեց որպես ամենայն հայոց կաթողիկոս հենց Հայաստանում` դրանով իսկ անկախացնելով հայոց եկեղեցին օտար ազդեցությունից: Անգամ այս քայլը չսթափեցրեց ժամանակի հայ կղերական պատմիչներին, ովքեր շարունակաբար սևացնում էին Պապի դիմագիծը: Պատմիչները թշնամանքով ընդունեցին Պապի այս քայլը ևս, քանզի նա դրանով Հայաստանում վերջ էր դնում ոչ հայկական ծագմամբ Լուսավորչի տան գերիշխանությանը հոգևոր կյանքում և կաթողիկոսական գահին էր բազմեցնում հին հայկական քրմական դասից Աղբիանոսի տոհմի ներկայացուցչին` ցանկանալով ազգայնացնել հայ եկեղեցին:

Պապ թագավորի այս քայլերը սոսկ Հայաստանյան կյանքին չէին վերաբերվում: Սրանով Պապը Հռոմին հստակ ազդարարեց, որ վարելու է անկախ քաղաքականություն, ինչն իհարկե, չէր մտնում Հռոմի նկրտումներևի մեջ:

Պատմիչներն ակնարկում են, որ անգամ Իրանի ահեղ տիրակալ Շապուհն էր Պապի բարեկամությունը որոնում և դաշինք առաջարկում` որպես դաշինքի հիմք առաջարկելով իր դստեր ձեռքը: Դա բնականաբար, կլիներ արևելքում Հռոմի գերիշխանության վերջը: Եվ ահա հռոմեկան նենգ դիվանագիտությունը գործի է անցնում: Պապին գերելու նպատակով Վաղես կայսրը Հայաստանում Հռոմեական բանակի հրամանատար Տերենտիանոսի խորհրդով հրավիրում է Կիլիկիայի Տարսոն քաղաք: Պապը գնում է, սակայն դավադրության հոտն առնելով` իր 300 հոգանոց թիկնազորով կարողանում է խույս տալ: Դրանից հետո բնականաբար, հայ-հռոմեական հարաբերությունները ավելի են սրվում: Պատմիչները ակնարկում են, որ Պապն անգամ Հռոմի դեմ պահանջ է դնում ետ վերադարձնել իր տիրապետության տակ գտնվող Փոքր Հայքի հողերը:

Սակայն ցավոք, հայոց արքայի նկրտումները դատապարտված էին ձախողման: Երիտասարդ թագավորը որքան խիզախ էր ու քաջ, միաժամանակ անփորձ: Փոխանակ Հայաստան վերադառնալուց հետո սրի քաշելու Հայաստանում գտնվող հռոմեական զորաբանակը, նա փորձեց բանակցություններ վարել Հռոմի դեմ: Վաղեսը Պապի հանդեպ դավադրության մեղքը գցեց Տերենտյանոսի վրա, նրան հետ կանչեց Հայաստանից և փոխարինեց Տրայանոսով, ով իր նախորդից տարբերվում էր թերևս, ավելի մեծ նենգությամբ ու խարդախությամբ:

Հռոմեական զորաբանակը Հայաստանից հանելու կապակցությամբ բանակցություններ վարելու նպատակով նա իր մոտ է հրավիրում հայոց երիտասարդ արքային: Պապը Տրայանոսի մոտ է գնում փոքր շքախմբով: Եվ նենգ հռոմեացին հյուրասիրության սեղանի շուրջ դավադրաբար հեղում է երիտասարդ արքայի արյունը` սպանելով նրան:

Պապի սպանությունից հետո Փավստոսի հավաստմամբ, հայոց նախարարները հավաքվում են և որոշում վրեժխնդիր չլինել թագավորից, այլ հնազանդ ծառայել հույներին, քանզի պարսիկները հեթանոս էին, և պատերազմել հույների դեմ` նշանակում է դաշնակցել հեթանոս պարսիկների հետ: Կարծում եմ, այս որոշման մեջ պակաս կարևոր չէր նաև հենց Պապի դավանանքը. ոչ քրիստոնյա, թեկուզև ազգանվեր ու հզոր պետականաստեղծ գործիչի, թագավորի համար հայ նախարարներն ու հոգևորականությունը չպայքարեցին, այլ հլու-հնազանդ ընդունեցին հռոմեական դրածո Վարազդատ Արշակունուն: Ամեն դեպքում հայ նախարարների և կրոնավորների կրավորական վերաբերմունքից պետք է ենթադրել, որ հայ հունասեր ազնվականությունն ու եկեղեցին նախապես տեղյակ էին դավին և այդ առումով համագործակցում էին հռոմեացիների հետ:

Ահա թե ինչ ստրկամտության էր հասցրել քրիստոնեությունը հայերին: