Ռոտենբերգը ստացել էր տեսագրման թույլտվություն. hraparak.am
Advertisement 1000 x 90

Ռոտենբերգը ստացել էր տեսագրման թույլտվություն. hraparak.am

Երեկ «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի կինը, նախկին պատգամավոր Նատալյա Ռոտենբերգն իր ֆեյսբուքյան էջում ֆոտոշարք էր հրապարակել՝ արված Երևանի մետրոպոլիտենում։ Հաշվի առնելով, որ մետրոպոլիտենը համարվում է ռազմավարական նշանակության օբյեկտ, և այնտեղ նկարահանումներն արգելված են, ֆոտոշարքի հրապարակումը դժգոհության և քննարկման առիթ էր տվել հայ օգտատերերին։ Հայտնի է, որ անգամ լրագրողներին հաճախ չեն թույլատրում մետրոյում տեսագրություն անել։ Մենք խնդրեցինք մետրոպոլիտենի ադմինիստրացիային մեկնաբանություն տալ սրա առիթով։

«Նատալյա Ռոտենբերգը դիմում է ներկայացրել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենին՝ լուսանկարահանում իրականացնելու նպատակով։ Տիկին Ռոտենբերգը մետրոպոլիտենի տարածք է մտել որպես սովորական ուղևոր, գնել է ժետոնը և «Բարեկամություն» կայարանից ուղևորվել է դեպի «Երիտասարդական» կայարան։ Նկարահանումը սիրողական բնույթի է եղել։ Նրա օգնականը մեզ տեղեկացրեց, որ տիկին Ռոտենբերգը մոտ 2 տարի, բնակվելով Երևանում՝ երբևիցե չի այցելել Երևանի մետրոպոլիտեն: Նա ցանկացել է այցելել և համեմատականներ անցկացնել Մոսկվայի մետրոպոլիտենի հետ ու որպես հուշ ունենալ մետրոպոլիտենում լուսանկար։ Իմանալով, որ մետրոպոլիտենում լուսատեսանկարահանում՝ առանց տնօրինության թույլատրության, չի իրականացվում, Ռոտենբերգը տնօրինությանը հավուր պատշաճի ներկայացրել է իր դիմումը։ Ստացել է տնօրենի թույլատրությունը»,- մեզ ասաց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

Մեր այն հարցին, թե յուրաքանչյուր քաղաքացի կարո՞ղ է դիմել Երևանի մետրոպոլիտենի տնօրինությանը՝ լուսատեսանկարահանում իրականացնելու համար, մետրոպոլիտենի խոսնակն ասաց, որ՝ այո, կարող է և հավելեց, որ այդ դիմումը տնօրենը մակագրում է համապատասխան բաժինների ներկայացուցիչներին, ովքեր էլ հավուր պատշաճի իրականացնում են իրենց աշխատանքը։

hraparak.am



Նման նյութեր