ԱՄՆ-ում երկրի պատմության մեջ մենինգիտի ամենալուրջ բռնկումներից մեկը ստիպել է հանրային առողջապահության ներկայացուցիչներին Ֆլորիդայում ապրող կամ նահանգ այցելել նախատեսող ոչ ավանդական կողմնորոշում ունեցող մարդկանց հորդորել պատվաստվել հենց հիմա, գրել է UPI-ն։
Մենինգիտի (մենինգակոկային վարակ) 24 դեպք եւ յոթ մահ նույնասեռական տղամարդկանց եւ բիսեքսուալների շրջանում հետաքննվում է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների եւ Ֆլորիդայի հանրային առողջապահության վարչության կողմից։ Իշխանությունները հայտարարել են, որ սա այդ խմբում հիվանդության ամենավատ բռնկումն է։
«Մենինգակոկային վարակի դեմ պատվաստումը այդ լուրջ հիվանդությունը, որը կարող է արագ մահացու դառնալ, կանխելու լավագույն միջոցն է,- ասել է հիվանդությունների իմունացման ազգային կենտրոնի տնօրեն, բժիշկ Խոսե Ռոմերոն։- Ֆլորիդայում հիվանդության բռնկման եւ նահանգում նախատեսվող բազմամարդ միջոցառումների հետ կապված՝ կարեւոր է, որպեսզի Ֆլորիդայում ապրող նույնասեռականները եւ բիսեքսուալները պատվաստվեն, իսկ նրանք, ովքեր գալու են Ֆլորիդա, խոսեն իրենց բժիշկների հետ MenACWY պատվաստանյութի մասին»։
Ամերիկացի մասնագետներն ընդգծել են նաեւ ՄԻԱՎ ունեցող մարդկանց համար MenACWY-ով պատվաստվելու կարեւորությունը։
Մենինգակոկային վարակը կարող է ախտահարել ցանկացած մարդու։ Այն կարող է վարակել գլխուղեղի եւ ողնուղեղի թաղանթը (մենինգիտ) եւ արյունատար համակարգ։
Մենինգիտի ախտանշանները կարող են հայտնվել հանկարծակի։ Դրանք են բարձր ջերմությունը, գլխացավը, պարանոցի կարծրությունը, սրտխառնոց/փսխումը կամ մուգ մանուշակագույն ցանը։
Սկզբում ախտանշանները կարող են երեւալ որպես գրիպանման հիվանդություն, բայց սովորաբար դրանք արագ վատթարանում են։
Հիվանդությունն առաջացնող մանրէները տարածվում են շնչուղիներից եւ կոկորդից արտազատման (թքի) միջոցով։ Սովորաբար մանրէների տարածման համար պահանջվում է սերտ կամ երկարատեւ շփում, օրինակ՝ համբույրը, վարակված եւ հազացող մարդու կողքին գտնվելը։