Ամերիկացի սինխրոն լողորդուհի Անիտա Ալվարեսը կորցրել է գիտակցությունը Բուդապեշտում ընթացող ջրային սպորտի աշխարհի առաջնությունում ելույթ ունենալիս։
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը ազատ ծրագրի եզրափակիչ փուլի ժամանակ։ Ալվարեսը սկսել է խեղդվել վարժությունը կատարելիս, որից հետո Իսպանիայի հավաքականի մարզիչ Անդրեա Ֆուենտեսն անմիջապես նետվել է ջուրը՝ աղջկան փրկելու համար։ Նրա հետ միասին լողավազան է նետվել մրցույթին հերթապահող օգնականը։ Նրանք Անիտային արագ դուրս են հանել ջրից:
«Թոքերում միայն ջուր կար, հենց որ նորից սկսեց շնչել, ամեն ինչ վերադարձավ իր բնականոն հունին։ Նա ասաց, որ ցանկանում է մասնակցել եզրափակչին: Ասացի, որ ինչ-որ բան այն չէ, բղավեցի փրկարարներին, որ մտնեն ջուրը, բայց նրանք ինձ չհասկացան։ Նա չէր շնչում, իսկ զարկերակը շատ բարձր էր: Ես նրա մոտ լողացի այնքան արագ, որքան կարող էի, ասես դա օլիմպիական եզրափակիչ լիներ»,- ասել է Ֆուենտեսը As-ին տված հարցազրույցում։
Մարզչի խոսքով՝ լողորդուհին մտադիր է մրցաշարում նախապատրաստվել թիմային մրցումներին։ Անցյալ տարի Ալվարեսը օլիմպիական խաղերի ընտրական փուլի ժամանակ նույնպես ուշաթափվել է ջրում: