Տանզանիայում մեկ ամսական երեխա է մահացել մի խումբ կապիկների կողմից առևանգվելուց հետո։ Մոր խոսքով՝ ամեն ինչ տեղի է ունեցել տանը:
Լրատվամիջոցների տվյալներով՝ երեխային կրծքով կերակրելու ժամանակ տուն է մտել կապիկների խումբ։ Երեխայի մայրը սկսել է բղավել և օգնություն կանչել, որպեսզի հարևաններն իրեն օգնեն պայքարել կապիկների դեմ։ Չնայած մարդկանց ջանքերին՝ երեխային վերադարձնել չի հաջողվել. կենդանիները նրան տարել են իրենց հետ։
Մարզային ոստիկանության տվյալներով՝ ավելի ուշ ընտանիքը կարողացել է կապիկների հետքերով գտնել և երեխային հետ վերադարձնել, սակայն տղան մահացել է հիվանդանոցում։ Բժիշկները հայտնել են, որ նրա մահվան պատճառը գլխի և պարանոցի շրջանում վնասվածքներն են։
Ավելի ուշ ոստիկանությունը դիմել է տեղի բնակիչներին՝ խնդրելով զգոն լինել կապիկների նկատմամբ։