«Հայաստանի անունը բազմիցս կհնչի աշխարհում». Հրազդան մարզադաշտը` «ՀԱՅԱ» փառատոնին ընդառաջ
Advertisement 1000 x 90

«Հայաստանի անունը բազմիցս կհնչի աշխարհում». Հրազդան մարզադաշտը` «ՀԱՅԱ» փառատոնին ընդառաջ

Հրազդան մարզադաշտն իր նորացված տեսքով պատրաստ է ընդունել հայ եւ այլազգի հյուրերին։ Այսօր՝ հունիսի 24-ին, «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում հատուկ ԶԼՄ ներկայացուցիչների համար կայացավ շրջայց մարզադաշտում, որտեղ այս պահին ընթանում են բեմի կառուցման վերջնական աշխատանքները։ Փառատոնի հիմնադիր Սոնա Հովհաննիսյանը վստահեցրեց` Հայաստանի մասին աշխարհում շատ է խոսվելու:

«Մենք, իրականում, տիտանական բարդության միջով անցանք, որպեսզի դուք այս ամենն այսօր տեսնեք. երեկ գիշեր հնչյուններն ենք ստուգել, լույսերն ենք միացրել, հավատացեք` ամեն բան հեքիաթային էր»,-նշեց նա`հավելելով, որ Հայաստանում չկա մեկ այլ հարթակ, որը հնարավորություն ունի հյուրընկալելու նման մեծամասշտաբ միջոցառում: Նրա խոսքով` աշունը եւս շարունակվելու է աստղային համերգներով. արտիստների անուններն ավելի հստակ կնշվեն առաջիկայում, ու Հայաստանը կրկին կհյուրընկալի բազմաթիվ զբոսաշրջիկների:

Փառատոնի համերգային մեկնարկը կտրվի վաղը՝ հունիսի 25-ին, ֆրանսիացի հայտնի փոփ երգչուհի ZAZ-ի առաջին երեւանյան մենահամերգով: Համերգը կբացեն «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը եւ հայ երաժիշտ Պարգը: Ելույթ կունենա նաեւ դուդուկահար Կամո Սեյրանյանը: «ՀԱՅԱ»-ի անվանի հյուրերից է աշխարհահռչակ ռեփ երաժիշտ 50 Cent-ը, որի համերգը G-Unit բենդի հետ տեղի կունենա հուլիսի 1-ին: Այդ օրը ելույթ կունենան նաեւ 3.33 խումբը եւ դիջեյ Սերժոն: Հուլիսի 9-ին Հրազդան մարզադաշտի բեմը կտրամադրվի Led Zeppelin Symphonic նախագծին:

Տեսանյութը՝ այստեղ