Վլադիմիր Արզումանյան. «Բանակում մարդիկ ավելի են լրջանում». life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Վլադիմիր Արզումանյան. «Բանակում մարդիկ ավելի են լրջանում». life.tert.am

«Մանկական Եվրատեսիլ 2010»-ին Հայաստանին հաղթանակ բերած երգիչ Վլադիմիր Արզումանյանը՝ Վովկան, ինչպես փոքր տարիքում նրան դիմում էին, այժմ ծառայում է Հայոց բանակում: Հայոց բանակի օրվա կապակցությամբ Tert.am Life-ը զրուցել է զինծառայող երգչի հետ:

Արցախում ծնված և մեծացած երգիչը Ստեփանակերտում է ծառայում՝ Պաշտպանության բանակի շտաբի նվագախմբում: «Արդեն 6 ամիս է, ինչ ծառայում եմ: Կարծում եմ՝ բանակում մարդիկ ավելի են լրջանում,  փոխվում են և հպարտությամբ են կրում Հայոց բանակի համազգեստը»,- ասաց երգիչը, ով ծառայությունն ավարտելուց հետո մտադիր է շարունակել զբաղվել իր մասնագիտությամբ՝ երգել:

Հաշվի առնելով, որ Վլադիմիրն արցախցի է, տանն ավելի մոտ է, սակայն, ինչպես բոլոր զինվորները, ամենից շատ կարոտի հետ չի հաշտվում: «Կանկեղծանամ, ամենամեծ դժվարությունն ինձ համար կարոտն է»,- ասաց նա ու հավելեց, որ վերջին անգամ տասն օր առաջ է տեսել հարազատներին:

Ասում են՝ բանակային ընկերները հետագայում ամենահուսալին են դառնում։  Ըստ Վլադիմիրի՝ ինքն էլ հասցրել է լավ ընկերներ ձեռք բերել: «Դժվարության մեջ լավ ընկեր գտնելը հեշտ չէ: Փառք տիրոջը, ես ձեռք եմ բերել վստահելի ընկերներ: Բանակում ծառայությունն ինձ ընկերասիրություն, հանդուրժողականութուն է տվել»,- ասաց երգիչը:

Վլադիմիրը բանակ է զորակոչվել Ապրիլյան պատերազմից հետո: Թեև նա առաջին գծում չի ծառայում՝ Ապրիլյան պատերազմն իր ազդեցությունն ունեցավ յուրաքանչյուրի վրա: «Ապրիլյան դեպքերը մեծ հարված էին հայ ազգին: Հերոս տղաներ ընկան: Շատ ցավալի է, որ կորցրեցինք նման հերոս տղաների: Շատ դժվար տարանք այս վիշտը, սակայն հայ ազգի համախմբվածության շնորհիվ մենք նորից ոտքի կանգնեցինք՝ ամուր պահելով մոր անառիկ սահմանները»,- ասաց նա:

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր