Հունիսի 26-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի ուղեկցությամբ հյուրընկալվեց Նիցցայի Պարսամյան մշակութային համալիրում։ Վարչապետի տիկինը համալիրի կառավարման խորհրդի նախագահ Կիրկոր Աժդերհանյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց վարժարանում, ծանոթացավ դպրոցի հիմնադրման պատմությանը, կարևոր իրադարձություններին և ավանդույթերին։ Աժդերհանյանը նշեց, որ այժմ 85 աշակերտ ունեցող Պարսամյան դպրոցը տոնում է հիմնադրման 35 ամյակը։ Համալիրի ղեկավարի խոսքով՝ դպրոցը թեև ունի ֆրանսիական հանրակրթական դպրոցի գրանցում, սակայն դասավանդման ծրագրում պահպանել է հայերենի ամբողջական բաղադրիչը, գործում է նաև երգչախումբ, թատրոն և ժողովրդական պարի համույթ։
Աննա Հակոբյանը համալիրի տնօրինության, համայնքի ներկայացուցիչների, Ալպ-Մարիտիմի Դեպարտամենտական Խորհուրդի՝ ֆինանսական կոմիտեի նախագահ, պատգամավոր Էրիկ Սիոտտիի և պատգամավոր Քրիստելլե Դինտորնիի հետ համատեղ քննարկում ունեցավ։ Նորընտիր պատգամավոր Քրիստելլե Դինտորին, ով ընդամենը մեկ շաբաթ առաջ էր պատգամավոր ընտրվել, իր իսկ խոսքով ՝ տեղեկանալով Աննա Հակոբյանի այցի մասին, շտապել էր օգտագործել առիթն անձամբ տիկնոջ հետ ծանոթանալու համար:
Մտքերի փոխանակությունից հետո մեկնարկեց Պարսամյան դպրոցի հիմնադրման 35 ամյակի առթիվ կազմակերպված հանդիսությունը։ Կիրկոր Աժդերհանյանը իր ելույթում հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին վարժարանի 35-ամյակի առթիվ կազմակերպվող միջոցառմանը մասնակցելու հրավերը ընդունելու համար, ընդգծելով Հակոբյանի այցի կարևորությունը ինչպես իրենց կրթահամալիրի այնպես էլ Նիցցայի հայ համայնքի համար։
Ելույթով հանդես եկավ նաև պատգամավոր Էրիկ Սիոտտին, ով իր խոսքում նշեց, որ իր և հայկական համայնքի սերտ կապը տասնամյակների պատմություն ունի: Պատգամավորը հույս հայտնեց, որ Հայաստանի գործող իշխանության շնորհիվ էլ ավելի կսերտանա հայ-ֆրանսիական կապը:
«2018 թվականին մենք ուշի ուշով հետևում էինք Հայաստանում ծավալվող իրադարձությունների: Այն ինչ արեց հայ ազգը պարոն Փաշինյանի գլխավորությամբ, դեմոկրատիայի մի մեծ քայլ էր»,-շեշտեց Սիոտտին:
Հայաստանի հետ էլ ավելի ջերմ հարաբերություններ հաստատելու մասին խոսեց նաև պատգամավոր Քրիստելլե Դինտորնին՝ նշելով, որ տիկին Հակոբյանի գործունեությանը հետևում է վաղուց։
«Դուք ինձ համար օրինակելի կին եք եղել դեռ այն տարիներից, երբ աշխատում էիք որպես լրագրող: Ես լավ եմ հետևել ձեր անցած ճանապարհն ու հույս ունեմ, որ իմ գործունեության մեջ կկարողանամ ձեզ նմանվել»,-նշեց պատգամավորը՝ ևս մեկ անգամ շեշտելով Հայաստանի հետ համագործակցության կարևորությունը:
Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի ներկայացուցիչ Պիեռ Ֆիորին, ով բազմիցս է Հայաստանում եղել և քաջատեղյակ է քաղաքական զարգացումներից, իր խոսքում նշեց, որ 2018 թվականի գարնանն Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին Երևանից է հետևել:
«Մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել Հայաստանի և մեր քույր քաղաք Երևանի համար, այս տարի ևս ապրիլին Երևանում էի հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը և հանդիպելու քաղաքապետարանի մեր գործընկերներին՝ նրանց հանձնելով քաղաքապետի հատուկ նամակը ի նշան հետագա համագործակցության»,-իր խոսքում նշեց Պիեռ Ֆիորին:
Աննա Հակոբյան իր ելույթում, շնորհավորելով դպրոցի 35 ամյակի կապակցությամբ, ընդգծեց, որ եղբայրական Ֆրանսիայի հայ համայնքը իր հարուստ պատմությամբ ու ժառանգությամբ, ֆրանսիական հասարակության մեջ ունեցած բարձր հեղինակությամբ սփյուռքի կարևորագույն համայնքներից մեկն է։
«Երբ «Պարսամյան» վարժարանի հիմնադրման 35 ամյակի առթիվ ստացա հրավերը, մերժել պարզապես չէի կարող, որովհետև կրթությանն առնչակից ցանկացած թեմա ինձ հոգեհարազատ ու սիրելի է: «Պարսամյան» վարժարանն իրոք յուրահատուկ է. լինելով ֆրանսիական հանրակրթության դպրոց՝ դասավանդելիս պահպանում է հայկական կրթության ողջ բաղադրիչը՝ սկսած հայոց լեզվից մինչ հայկական մշակույթ, երգ, պար, թատրոն»,– շեշտեց Աննա Հակոբյանը։
Վարչապետի տիկինը հատկապես կարևորեց այն փաստը, որ սփյուռքի հայկական դպրոցների առաջին համագումարը տեղի է ունեցել Պարսամյան դպրոցում։
«Եկեք ևս մեկ անգամ մեր երախտիքի խոսքն ուղղենք դպրոցի հիմնադիր բարերարներին՝ Թորոս, Լյուսի և Սյուզան Պարսամյաններին: Թող Կոտ դ’Ազուրի հայ համայնքում այսպիսի նշանակալի հոբելյանները շատ լինեն, մշտապես օրակարգում մնան հայկական թեմաներն ու դրանք քննարկվեն մայրենի լեզվով»- եզրափակելով ելույթը Աննա Հակոբյանը հույս հայտնեց, որ իրենց հաջորդ հանդիպումը լինի Երևանում։