Աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովն այցելել է Երեւանում գտնվող Զինվորի տուն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
«Զինվորի տանն ընտանիքներ են կազմում, երեխաներ են ծնվում, փառք Աստծո, դա մեծ երջանկություն է: Նշանակում է՝ այստեղ շարունակություն կա… Զինվորի տունը շատ լավ օրինակ է մարդկանց համար, թե ինչպես չգտնվել միայն սեփական «ես»-ի շրջանակում, ինչպես դուրս գալ դրանից: Այդ դեպքում դուք կհասկանաք, որ դուք մարդ եք…», – Վլադիմիր Սպիվակովի խոսքերը մեջբերել է Մուրադյանը:
Վլադիմիր Սպիվակովը հայ ժողովրդի մեծ բարեկամն է։ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ դիրիժորը բազմաթիվ ականավոր մշակութային գործիչների հետ կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին պաշտպանել Արցախի հուշարձանները։ Բացի Սպիվակովից բաց նամակը ստորագրողների թվում են դիրիժոր Թեոդոր Կուրենցիսը, երգիչ Բորիս Գրեբենշչիկովը, ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը եւ այլք։