Գյուղմթերքի վնասը կարող է չափվել 100-ավոր տոննաներով, հայ մատակարարները կարող են տուգանվել. Վրացիներին պետք է համոզել՝ բացել Աբխազիայով անցնող երկաթգիծը. Ապիկյան. pastinfo.am
Advertisement 1000 x 90

Գյուղմթերքի վնասը կարող է չափվել 100-ավոր տոննաներով, հայ մատակարարները կարող են տուգանվել. Վրացիներին պետք է համոզել՝ բացել Աբխազիայով անցնող երկաթգիծը. Ապիկյան. pastinfo.am

Լարսի այլընտրանք կարող է լինել երկաթգիծը, որն էլ Աբխազիայի տարածքով անցնող հատվածի պատճառով չի գործում։ Որպես և՛ էժան, և՛ հուսալի ճանապարհ՝ ամբողջ աշխարհում համարվում է երկաթգիծը, ու եթե վրացիներին ստացվի համոզել, որ այդ հատվածի հարցը լուծվի, ապա լավագույն այլընտրանքը կլինի դա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այդ մասին ասաց բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ առատ տեղումների պատճառով հունիսի 26-ին փակվել է Լարսի ճանապարհը, քանի որ առկա է փլուզման վտանգ, իսկ մինչ այդ էլ օրեր շարունակ մաքսազերծման են սպասել տոննաներով ապրանք տեղափոխող բեռնատարներ։

«Լարսը, լինելով արտահանման միակ ճանապարհը, միշտ խնդրահարույց է եղել։ Տարվա ընթացքում մի քանի ամիս, փաստացի, այն փակ է լինում։ Երկաթգծի տարբերակն էլ քանի տարի է՝ չի ստացվում ռուսների և վրացիների հետ համաձայնեցնել։ Եթե զուտ տնտեսագիտական տեսանկյունից դիտարկենք, ճանապարհների ապաշրջափակման դեպքում մի տարբերակն էլ Ադրբեջանով անցնող ճանապարհը կարող է լինել, բայց այստեղ էլ անվտանգային խնդիրներ կունենանք։ Այդ դեպքում ստացվելու է, որ որոշակի տնտեսական զարգացման դիմաց զիջելու ենք մեր անվտանգությունը»,-նշեց Ապիկյանը։

Մեր զրուցակցի արձանագրմամբ՝ եթե Ադրբեջանի փոխարեն մեր հարևանը լիներ ցանկացած այլ պետություն, այդ ճանապարհը հանգիստ կարող էինք այլընտրանքային դիտարկել՝ հաշվի առնելով միջպետական համաձայնագրերով արվող կարգավորումները։ Այս պարագայում, քանի որ գործ ունենք Ադրբեջանի հետ, այդ դրույթներին վստահել չենք կարող, քանի որ Ադրբեջանը ցանկացած պահի խոչընդոտներ է ստեղծելու՝ այդ թվում անվտանգային։

Վերադառնալով արտահանման անհնարինության պատճառով գյուղացիների ու արտահանողների կրած վնասներին՝ Ապիկյանը շեշտեց․ «Ակնհայտ է, որ գյուղացիների արտադրանքն ամբողջությամբ չի կարող ներքին շուկան սպառել։ Որպես կանոն՝ նրանց արտադրանքի մի մասը միշտ արտահանվել է ու շատ ավելի բարձր գներով։ Եթե անգամ ծիրանի սպառման գինն իջնի, միանշանակ է, որ մի մասը ստիպված են լինելու թափել․ այն ամիսներով չեն կարող պահել սառնարանում, արտահանման ենթակա մասն էլ լրիվությամբ չեն կարող չիր սարքել։ Արտահանող ընկերությունները ևս խնդիրներ են ունենալու իրենց դրսի գործընկերների հետ։ Եթե չհասցնեն մատակարարել ցանցերին, ապա նրանք ավելի հուսալի գործընկերներ են փնտրելու»։

Բիզնես խորհրդատուի դիտարկմամբ՝ պայմանագրային պարտավորությունների թերացման հետևանքով հայ արտահանողները ստիպված են լինելու նաև տուգանքներ վճարել։

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր առևտրային պայմանագրում տուգանքներ են լինում սահմանված։ Եթե արտահանողը կնքում է պայմանագիր, բայց չի կարողանում մատակարարել, գնորդը նույնպես կորուստներ է ունենում, որը, սովորաբար, տուգանքի ձևով պահանջում են մատակարարից»,-նշեց Ապիկյանը։
Թե գյուղատնտեսներն ու արտահանողները որքան վնաս կկրեն արտահանման անհնարինության պատճառով, կախված կլինի նրանից, եթե Լարսը որքան ժամանակ կմնա փակ։ Արեն Ապիկյանը, համենայնդեպս, կարծում է, որ վնասը կարող է հասնել 100-ավոր տոննաների։

pastinfo.am