«Շատ մեծ բավականություն եմ ստացել». Թամարա Պետրոսյանը՝«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի մասին. life.panorma.am
Advertisement 1000 x 90

«Շատ մեծ բավականություն եմ ստացել». Թամարա Պետրոսյանը՝«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի մասին. life.panorma.am

«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի պրեմիերայից հետո չեն դադարում քննարկումները: Մեծ հաջողության ու համակրանքի արժանացած ֆիլմի երկրորդ մասը հանձնված է հանդիսատեսի դատին: Երկրորդ մասի վերաբերյալ արձագանքներից դեռ վաղ է խոսելը, սակայն մասնակից դերասանները շարունակում են պատմել իրենց տպավորությունների մասին` փաստելով, որ հայկական կինոշուկայում այս ֆիլմը ոչ միայն իր բովանդակությամբ, այլև ստեղծագործական թիմով ու նկարահանման անձնահատկությամբ նոր սանդղակ է սահմանել:

Դերասանուհի Թամարա Պետրոսյանը ևս «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»-ում իր մասնակցությունն է ունեցել:

Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին նշեց. «Թե առաջին, թե երկրորդ մասը դիտելիս` ամենադրական կարծիքն ունեցա։ Նույն տպավորությունը ունեցա, երբ կարդում էի սցենարը։ Միգուցե կարծիքս սուբյեկտիվ է, որովհետև ես ինքս մի մասնիկ եմ կազմում այդ նախագծի, բայց, հավատացեք, ես, որպես հանդիսատես, շատ մեծ բավականություն եմ ստացել: Կրկնվեմ` նույնպիսի մեծ բավականություն ստացա, երբ դեռ սցենարն էի կարդում։ Այն իսկական է, իրական, առանց ավելորդ «հեքիաթների», բայց միևնույն ժամանակ հուզառատ, հենց դրա համար էլ հավատում ես տեսածիդ»։

Խոսելով նկարահանումների ընթացքի և ստեղծագործական թիմի մասին` Թամարան նկատեց.

«Երբ նկարահանման հրապարակում հավաքվում է թիմ, որտեղ ամեն մեկն իր տեղում է, երբ այդ թիմի յուրաքանչյուր մասնակից տիրապետում է իր մասնագիտությանը, անձնվեր աշխատում է, և պատասխանատվության զգացողությունը նույնիսկ մեկ վայրկյանով ոչ մի տեղ չի հեռանում, ստեղծվում է մի համակարգ` դերասանների համար երանելի համակարգ, որտեղ կարող ես աշխատել ժամեր շարունակ` մեկ րոպե անգամ չմտածելով հոգնածության մասին։ Ցավոք, Հայաստանում նման համակարգեր շատ քիչ են ստեղծվում ֆիլմեր նկարելուց, կուզենայի բոլորն այդպես աշխատեն, դա որակի երաշխիքներից մեկն է»։

Թամարա Պետրոսյանը մարմնավորում է մեր օրերում շատ հանդիպող աղջիկների հավաքական մի կերպարի, ում մտքերում միայն ամուսնությունն է.

«Ճիշտն ասած` չէինք մտածում, որ այդ կերպարը կարող է պատմել մերօրյա աղջիկների մասին, համենայնդեպս այդ խնդիրը դրված չէր, բայց շատերն են այդ կարծիքը հայտնում. երևի ամուսնության թեման շատ սուր է կանգնած մեր հասարակության շերտերում: Նա շատ համարձակ և ինքնահեգնանքով աչքի ընկնող աղջիկ է։ Չեմ կարծում, թե մեր օրերում նման աղջիկներ շատ են»,- իր հորեսուհու մասին խոսելիս` նշեց դերասանուհին:

Զրույցի վերջում Թամարան անդրադարձավ նաև ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ  աշխատանքին.  «Մհեր Մկրտչյանի հետ աշխատելիս` շատ հեշտ հասկանում էի, թե ինչ է նա ցանկանում և փորձում էի իրականացնել այդ պահանջները։ Շատ կարևոր է, երբ դերասանը վստահում ու հավատում է ռեժիսորին»:



Նման նյութեր