Ինչպես «Կայարանի» գլխավոր հերոս Վարուժան Մարգարյանը վիրավորվեց Արցախի առաջնագծում և ինչ հետևանքներ եղան. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչպես «Կայարանի» գլխավոր հերոս Վարուժան Մարգարյանը վիրավորվեց Արցախի առաջնագծում և ինչ հետևանքներ եղան. life.tert.am

«Կայարան» հեռուստասերիալի գլխավոր հերոսին՝ Արամին մարմնավորող 21-ամյա Վարուժան Մարգարյանը եղել է ՊԲ այն զինծառայողներից մեկը, ով 2014 թվականի հուլիսին վիրավորվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս։ Հայոց բանակի օրվա կապակցությամբ Tert.am Life-ը զրուցել է Վարուժանի հետ:

«Դիվերսիայից առաջ աշխատել էր դիպուկահարը, որի կրակոցից էլ վիրավորվել էի:   Վնասվել էր թոքս և ուսս: Հիմա արդեն կազդուրվել եմ, թեև ցրտերին թևիս հետ կապված խնդիր եմ ունենում: Երբ դեպքը տեղի ունեցավ, 7 ամսվա ծառայող էի: Դրանից հետո ես զորացրվեցի»,- հիշեց դերասանը, ով զորացրվելուց շարունակել է ուսումը Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում։

Վարուժանը նշեց, որ դեպքից հետո ուզում էր սահման վերադառնալ: «Երբ հոսպիտալում էի, ուզում էի վերադառնալ սահման: Երբ այդ ամենը զգում ես մաշկիդ վրա, ընկերներդ էլ սահմանին են մնում, անընդհատ մտածում ես առաջին գիծ  վերադառնալու մասին: Արյունդ եռում է, ուզում ես գնալ ու պատասխան տալ կամ գոնե ընկերներիդ կողքին լինել: Սահման վերադառնալու մասին հիմա էլ եմ մտածում: Եթե նորից պատերազմական դրություն լինի, եթե իմ կարիքը լինի, անպայման կգնամ: Եթե կարող եմ օգտակար լինել սահմանում, հաստատ կլինեմ»,- ասաց Վարուժանը:

Դերասանը նկատեց, որ չնայած 7 ամիս է ծառայել, ծառայությունն իրեն շատ բան է տվել: «Բանակն ինքնուրույն դառնալու հնարավորություն է տալիս: Իհարկե, այնտեղ էլ ես ընկերներ ձեռք բերում, սակայն երբ առանց ծնողներիդ, քեզ հարազատ մարդկանց հայտնվում ես մի միջավայրում, որտեղ  պետք է կայանաս ու ամուր կանգնես ոտքերիդ վրա, ավելի ինքնուրույն ես դառնում: Հասկանում ես, որ ամեն ինչ քեզ վրա է»,- ասաց Վարուժանը ու հավելեց, որ բանակն իրեն նաև լավ ընկերներ է տվել:

Վերջում Վարուժանն իր խոսքն ուղղեց բոլոր զինվորներին. «Մաղթում եմ, որ տղաները ուժեղ և պինդ լինեն՝ անկախ այն ներքին վախից, որ յուրաքանչյուրն ունի իր մեջ ու գիտակցեն, որ իրենց սպասողներ կան»:

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր