Տնտեսագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ռուսլան Գրինբերգը «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի վիճակի մասին։ Նախօրեին Գրինբերգն այցելել էր Կենտրոնական կլինիկական հիվանդանոց` տեսակցելու քաղաքական գործչին:
Նա մատնանշել է, որ 91-ամյա Գորբաչովն ունի շաքարային դիաբետ, երիկամների հետ կապված խնդիրներ, նա դիալիզ է ստանում։
«Նա պարզապես ավելի քիչ ուժ ունի: Հազվադեպ է վեր կենում: Կա մոռացկոտություն: Թեման կամայականորեն փոխվում է»,- ասել է տնտեսագետը։
Նա նաև հայտնել է, որ ԽՍՀՄ նախկին նախագահն արդեն մոտ երեք տարի է, ինչ ապրում է հիվանդանոցում: Նրան այցելում են ընտանիքն ու ընկերները։
«Այնտեղ լավ պայմաններ ունի, բնակարան է գործնականում։ Նրան լավ են նայում, և նա շատ սովորել է դրան»,- ասել է Գրինբերգը:
Ավելի վաղ Mash Telegram ալիքը հայտնել էր, որ ԽՍՀՄ նախկին նախագահը երիկամների հետ կապված խնդիրներ ունի։ Mash-ի խոսքով՝ նրա վիճակը պարբերաբար վատանում է։ Նախկին նախագահի ստույգ ախտորոշումը չի հաղորդվում, սակայն նա շուրջ մեկ տարի է` գտնվում է բժիշկների հսկողության տակ։