Ընդդիմադիրների պաշտոններից հրաժարվելուց հետո խորհրդարանում առկա ճգնաժամը կխորանա: «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը մեզ հետ զրույցում արձանագրեց, որ սա կխորացնի խորհրդարանում առկա ճգնաժամը.
«Ճգնաժամ վաղուց կար, այնպես չէ, որ սրանով պետք է ստեղծվեր կամ չստեղծվեր, բայց սրանով կխորանա այդ ճգնաժամը, ՔՊ-ն ինչ ուզում, անում է, ոչ օրենք կա, ոչ Սահմանադրություն, բայց սրանով այդ ճգնաժամը չի լուծվի»,-ասաց նա:
Զրուցակիցը կարծում է, որ առկա ճգնաժամը Նիկոլ Փաշինյանի իշխանություն օրոք երբեք չի լուծվի.
«Միայն Նիկոլ Փաշինյանի հեռացմամբ այս հարցը կլուծվի»,-ասաց նա:
Ըստ զրուցակցի՝ ճիշտ է, որ ընդդիմադիրները ողջ կազմով մանդատները վայր դնեն.
«Ընդ որում, նկատի չունեմ միայն այն կազմով, որով խորհրդարանում են, այլ՝ ամբողջ ցուցակով, որ նրանց հաջորդները մանդատները չվերցնեն, այս դեպքում իմաստ կունենա»,-ասաց նա:
Ինչպես հայտնել ենք, ՔՊ-ն այսօր արտահերթ նիստով պաշտոնից հեռացրեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին, ինչից հետո սկսվեց հրաժարականների շքերթ։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը հրաժարական է տվել ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի նախագահի պաշտոնից, Թադևոս Ավետիսյանը հրաժարական է տվել ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից,իսկ Հայկ Մամիջանյանը՝ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, իսկ Թագուհի Թովմասյանը, որը ղեկավարում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը, հայտարարել է, որ չի հրաժարվելու իր պաշտոնից: