Ամերիկացի գործարար, Tesla էլեկտրական մեքենաներ արտադրող ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, գրում է Ռիա Նովոստին։
«Ինձ համար մեծ պատիվ էր երեկ հանդիպել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ», – գրել է Մասկը Twitter-ում՝ հրապարակելով իր լուսանկարը՝ պոնտիֆիկոսի կողքին կանգնած։
Իտալական Repubblica թերթը հայտնում է, որ դա մասնավոր այց է եղել, հանդիպման մասին պաշտոնական տեղեկագրում չի հայտարարվել։ Զրույցը տեղի է ունեցել Վատիկանի Սուրբ Մարթայի տանը, որտեղ գտնվում են պոնտիֆիկոսի անձնական բնակարանները: Այն տևել է 40 րոպե, որի ընթացքում Մասկն ու Հռոմի պապը քննարկել են բնապահպանական խնդիրներն ու մարդկության ապագան։ Բացի անձամբ Մասկից՝ Հռոմի պապի հետ հանդիպել են նրա չորս երեխաները։
Մասկը Twitter-ում գրառում չի կատարել վերջին տասը օրվա ընթացքում, սակայն ուրբաթ օրը նա վերադարձել է Twitter չորս գրառումներով։ Մայիսին նա հայտարարեց Twitter-ի ձեռքբերման գործընթացի դադարեցման մասին։ Գործարարը դա բացատրել է ցանկությամբ՝ համոզվելու, որ այս սոցցանցում սպամն ու կեղծ օգտահաշիվները 5%-ից քիչ են։