Կենտրոնական բանկում սրվել են հարաբերությունները բանկի նախագահ Մարտին Գալստյանի և նրա տեղակալ Հովհաննես Խաչատրյանի միջև։ Վերջինս այդ պաշտոնում նշանակվել է «Քաղաքացիական պայմանագրի» կողմից, կենտրոնական դրամատանը Նիկոլ Փաշինյանի էմիսարն է, և ամեն ինչ անում է, որ վերահսկողություն սահմանի ԿԲ-ի վրա, հարցերն էլ լուծվեն իր միջոցով։
Գործող վարչախմբին հաջողվեց 2018-ից հետո ԿԲ խորհրդում անցկացնել երեք անձի՝ Խաչատրյանին, նախկին պատգամավոր Արտակ Մանուկյանին և Ալեն Սիմոնյանի խորհրդական Լևոն Սահակյանին։
Առաջիկայում ԿԲ խորհրդի ևս երկու անդամների պաշտոնավարման ժամկետներն ավարտվում են, և կրկին խոսակցություններ են շրջանառվում, որ Փաշինյանը մտադիր է իր մերձավոր շրջապատից անձանց առաջադրել այդ պաշտոնների համար։ Մարտին Գալստյանը ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի փեսան է, սակայն փաշինյանականների համար յուրային չի համարվում, իշխանության մեջ մեծ ազդեցություն չունի։ Այդ հանգամանքը լուրջ խաթարում է բանկային համակարգի աշխատանքը, որտեղ չեն հասկանում, թե ում հետ պիտի իրենց հարցերը լուծեն, ում դիմեն՝ իշխանության հետ խնդիրները կարգավորելու համար։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ինքն էլ կառավարության հետ հաշվի չի նստում, Փաշինյանի ցուցումները խանդավառությամբ չի կատարում. Կենտրոնական բանկը մշտապես եղել է միջազգային ֆինանսական կառույցների վերահսկողության տակ, Գալստյանն էլ բավական ճշգրիտ կատարում է Արժույթի միջազգային հիմնադրամի հրահանգները՝ երբեմն նյարդայնացնելով Նիկոլ Փաշինյանին։
Գեղամ Ասատրյան