Ջրային կոմիտեն 334 միլիոն դրամի գնումներ է կատարել կոմիտեի նախկին փոխնախագահի ընկերությունից. hetq.am
Advertisement 1000 x 90

Ջրային կոմիտեն 334 միլիոն դրամի գնումներ է կատարել կոմիտեի նախկին փոխնախագահի ընկերությունից. hetq.am

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությամբ գործող Ջրային կոմիտեն մի քանի հարյուր միլիոն դրամի գնումներ է կատարել Ջրային կոմիտեի նախկին փոխնախագահին պատկանող ընկերությունից։ Խոսքը «ՄՄՎ Շինգրուպ» ՍՊԸ-ի մասին է, որը հիմնադրվել է 2020 թվականի սեպտեմբերի 2-ին։

Ընկերության 70 տոկոս բաժնեմասը պատկանում է Միհրան Հովհաննիսյանին, որը 2018 թվականի օգոստոսի 6-ից մինչև 2019 թվականի ապրիլի 2-ը զբաղեցրել է Ջրային կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։ «ՄՄՎ Շինգրուպի» մնացած 30 տոկոս բաժնեմասի սեփականատերը Միհրան Հովհաննիսյանի որդին է՝ Մհեր Հովհաննիսյանը։

Պետգնումների armeps.am համակարգի տվյալներով՝ ընկերությունը պետական գնումների գործընթացին սկսել է մասնակցել հիմնադրվելուց 5 ամիս անց։ 2021թ․ փետրվարին և մարտին «ՄՄՎ Շինգրուպ» ընկերությունը երկու պայմանագիր է կնքել Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ-ի հետ և համապատասխանաբար 13 միլիոն և 3,8 միլիոն դրամի դիմաց պարտավորվել է կատարել Արտաշատի ջրանցքի մաքրման աշխատանքները։

2021թ․ հունիսի 18-ին «ՄՄՎ Շինգրուպ» ՍՊԸ-ի և Ջրային կոմիտեի միջև կնքվել է ամենախոշոր պայմանագիրը, որի արժեքը կազմել է 132 միլիոն դրամ։ Այդ գումարի դիմաց ընկերությունը «Թալին», «Արագածոտն», «Լոռի», «Գեղարքունիք» և «Եղեգնաձոր» ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում կատարել է վերանորոգման աշխատանքներ։ Այստեղ մրցույթն անցկացվել է չափաբաժիններով, որոնցից մի քանիսում հաղթել է «ՄՄՎ Շինգրուպ» ՍՊԸ-ն, իսկ մյուսներում «Հայ-գերմանական Արազեն» ՀՁ ՍՊԸ-ն՝ շնորհիվ առաջարկած ցածր գների։

2022թ․ թվականին ևս Ջրային կոմիտեն երկու խոշոր պայմանագիր է կնքել «ՄՄՎ Շինգրուպ» ընկերության հետ։ Մասնավորապես այս տարվա ապրիլի 11-ին կնքված պայմանագրով, որի արժեքը կազմել է 68,5 միլիոն դրամ, ընկերությունը պարտավորվել է մաքրել Որոտան գետի հունը՝ Սիսիան քաղաքի կենտրոնական կամրջից վերև և ներքև՝ 1400 մ հատվածում։

Վերջին պայմանգիրն էլ կնքվել է հունիսի 29-ին, որի արժեքը ևս գերազանցում է 100 միլիոն դրամը՝ կազմելով մոտ 118 միլիոն դրամ։ Ջրային կոմիտեի և «ՄՄՎ Շինգրուպ» ՍՊԸ միջև կնքված պայմանագրի համաձայն ընկերությունը պետք է կատարի գետերի ափերի պաշտպանության աշխատանքներ, մասնավորապես մաքրի Ապարանի «Քյանդալ» կոչվող սելավատարի 2500 մետրանոց հատվածը, ինչպես նաև բարձրացնի Մեծամոր գետի ափապատնեշը 800 մետր հատվածում։

Այստեղ հրատապ բաց մրցույթի առաջին չափաբաժնին մասնակցելու հայտ է ներկայացրել երեք ընկերություն, որոնցից մեկի ներկայացրած գնային առաջարկը գերազանցել է նախահաշվային արժեքը, ուստի հայտը չի դիտարկվել, իսկ հաղթել է «Բերդշին» ընկերությունը, որը մոտ 10 միլիոն դրամով պակաս գին է առաջարկել «ՄՄՎ Շինգրուպից»։

Մրցույթի 2-րդ և 3-րդ չափաբաժիններում հայտ է ներկայացրել միայն «ՄՄՎ Շինգրուպը», որն էլ և ընտրվել է գնահատող հանձնաժողովի կողմից։

Այսպիսով, 2021 և 2022 թվականների ընթացքում Ջրային կոմիտեն և ենթակայությամբ գործող «Ջրառ» ՓԲԸ-ն ընդհանուր 5 պայմանագիր են կնքել այն անձին պատկանող ընկերության հետ, որը ղեկավար պաշտոն է զբաղեցրել նույն Ջրային կոմիտեում։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմում է 334 միլիոն դրամ:

Հավելենք, որ Միհրան Հովհաննիսյանը 2020թ․ հունվարի 9-ից մինչև 2020թ․ մարտի 9-ը զբաղեցրել է նաև Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդականի պաշտոնը։ 2003-2017 թվականներին էլ եղել է «Եղվարդ» ջրօգտագործողների ընկերության տնօրենը։

hyetq.am