Բանկ Օտոմանի
Advertisement 1000 x 90

Բանկ Օտոմանի

Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է «Բանկ Օտոմանի»-ի պատմությունը:

Հայ ազատագրական պայքարի որոշ դրվագներ, ցավոք, միշտ չէ որ ստացել են ճշգրիտ և արժանի գնահատականներ: Եղել են դեպքեր, երբ նախանշած գործողությունը չի տվել իր սպասված արդյունքը և ուսումնասիրողները տվյալ գործողությունը համարել են սխալ, ժամանակավրեպ և այլն… Նման գործողություններից է 1896 թվականի օգոստոսի 14-ին Բանկ Օտոմանի գրավումը մի խումբ հայ զինյալների կողմից:

Գործողության կազմակերպիչները ՀՅԴ անվանի գործիչներ, հայ ազատամարտի նվիրյալներ Արմեն Գարոն և Բաբկեն Սյունին էին: Ուսումնասիրողներից շատերը Բանկ Օտոմանի գործողությունը դիտարկում են սխալ, համարելով, որ այն Արևմտյան Հայաստանում հայերի նոր կոտորածների առիթ հանդիսացավ: Այս տեսակետը պետք է ոչ տեղին համարել, քանզի արդեն 1895 թվականին Արևմտյան Հայաստանում սոսկալի ջարդեր էին, և ապա` պատմությունը ուղղակի փաստում է, որ օսմանյան կառավարության համար հայերին կոտորելու նպատակով հավելյալ առիթներ պետք չէին. դա ուղղորդված պետական ծրագիր էր, որ թուրք սուլթանները գործ էին դնում ջանադրաբար: Հետևաբար, հարվածին հարվածով պատասխանելու մարտավարությունը պետք է համարել դրական քայլ` հայ ազատագրական շարժման տվյալ փուլում, երբ հայությունը պառակտված էր և ոչ միասնական: Արտաքին ակնկալվող ազդեցությունից զատ` ՀՅԴ որդեգրած այդ քաղաքականությունը նաև ներքին խնդիր ուներ լուծելու` վեր բարձրացնել հայի ազատատենչ ոգին:

Դեռևս 1895 թվականին Ռուսաստանի և եվրոպական տերությունների ճնշման տակ Օսմանյան կառավարությունը ընդունեց մայիսյան բարեփոխումների ծրագիրը, որով նախատեսված էր ողջ Օսմանյան կայսրության տարածքում, մասնավորապես` Արևմտյան Հայաստանում բարեփոխումներ իրականացնել, որի արդյունքը պետք է լիներ ազգային ճնշումների դադարեցումը, տեղական կառավարման մարմիններում տեղաբնակների ներգրավումը, տնտեսական բարեփոխումներ, և այլն…
Սակայն թուրքական կառավարությունը ամենևին մտադիր չէր կյանքի կոչել Մայիսյան բարեփոխումների ծրագիրը. ավելին` 1895 թվականին Արևմտյան Հայաստանում հետևեցին նոր կոտորածներ, որոնց զոհ գնացին ավելի քան 300.000 հայեր:

Եվ ահա ՀՅԴ որոշմամբ` 1896 թվականի օգոստոսի 14-ին 31 հայ զինյալներ, որոնց թվում` Վարդան Շահպազ (Մինաս Տոնիկյան), Ավո (Ավետիս Մաղաքյան), Զարեհ Խաչիկյան, Մուշեղ (Ենովք Անուշյան), Հաճի (Հակոբ Խոճիկյան), Միհրան Կարապետյան, Արմեն Գարո (Գարեգին Փաստարմաջյան), Բաբկեն Սյունի (Պետրոս Փարյան), Հրաչ (Հայկ Թիրաքյան)` Բաբկեն Սյունու և Արմեն Գարոյի ղեկավարությամբ Կոստանդնուպոլսի կենտրոնում գրավում են օսմանյան կայսրության կենտրոնական դրամատունը և պատանդ վերցնում բանկի 150 աշխատակիցների: Հայ զինյալները այս քայլով փորձում էին օտարերկրյա տերությունների ուշադրությունները բևեռել Հայկական հարցի վրա և ճնշում գործադրել Օսմանյան պետության վրա` կյանքի կոչելու Մայիսյան բարեփոխումների ծրագիրը:

Հայ վրիժառուները նախապես որոշել էին որ բանկի գրավման օրը միաժամանակ մի քանի այլ գործողություններ էլ իրականացնեն Կոստանդնուպոլսի տարբեր հաստատություններում, սակայն վերջին պահին այդ պլանը մերժվում է:

Բանկը գրավելով` հայ զինյալները հայտագրեր ուղղեցին Կոստանդնուպոլսում հավատարմագրված եվրոպական դիվանագետներին` կոչ անելով ճնշում գործադնել Պոլսի կառավարության վրա` հակառակ դեպքում սպառնալով պայթեցնել բանկը:

Հայ վրիժառուների հետ օսմանյան կառավարության և եվրոպական դիվանագետների անունից բանակցությունների մեջ է մտնում ռուսական դեսպանատան թարգմանիչ Մաքսիմովը:
Հետագայում Բանկ Օտոմանի գործողության վերաբերյալ իր հուշերն է տպագրել նրա առաջնորդներից Արմեն Գարոն. «Կը բաւեր որ 8-10 հոգի մտնէին բանկը եւ դռներ ներսէն գոցեին, եւրոպական պատերազմական նաւերը անմիջապես զինուոր պիտի հանէին ցամաք… թուրք զօրքին եւ խուժանին դէմ… եթե մեր յուսացածին պէս ձեռնարկը յաջող դուրս գար, 24 ժամէն Պոլիսը գրաւուած կը լինէր եւրոպական զինուորներով, եւ Հայկական Հարցը կը ստանար իր ցանկալի լուծումը»:

Գրվածը վերլուծելով` կարելի է ենթադրել, որ նախքան գործողությունը` կազմակերպիչները որոշ խոստումներ ու հավաստացումներ էին ստացել եվրոպական կամ ռուսական դիվանագիտական ներկայացուցիչների կողմից: Նույն նոթերում Արմեն Գարոն գրում է. «…մեզ խաբեցին եւրոպական պետութեանց ներկայացուցիչները»… Նենգ Եվրոպան ըստ երևույթին հերթական անգամ օգտագործեց հայ ազատագրական շարժումը, հայի արյունը իր տնտեսական, դիվանագիտալան նպատակների համար… միգուցե, ինչ որ զիջումներ խլելով Թուրքիայից:

Շուրջ 13 ժամ տևած բանակցությունների արդյունքում զինյալները և Մաքսիմովը գալիս են համաձայնության, ըստ որի` եվրոպական դիվանագետները պարտավորվում են հետամուտ լինել, որ օսմանյակ կառավարությունը իրագործի Մայիսյան բարեփոխումների ծրագիրը, իսկ վրիժառուները իրենց տրամադրված ֆրանսիական ՙԺիրտ՚ նավով մեկնում են Մարսել:

Օսմանյան բանկի գրոհի ժամանակ հայ վրիժառուներից զոհվում են Բաբգեն Սյունին մի քանի այլ զինյալներ ևս:

Այս գործողությունը ծանր հարված էր Օսմանյան Թուրքիայի միջազգային հեղինակությանը և բարոյականից զատ ուներ նաև տնտեսական նշանակություն, քանզի եվրոպական տերությունները մեծ ներդրումներ էին կատարում օսմանյան տերության մեջ և հետայսու նրանք անվստահությամբ կվերաբերվեին օսմանյան դրամատանը: