Այս զրույցը բացառիկ է ու անչափ թանկ է ինձ համար: Այն տեղի է ունեցել մեծ երգչուհու մահվանից ամիսներ առաջ, նրա տանը: Գոհար Գասպարյանը հարցերին պատասխանում էր երկար, հարցի հետ կապ չունեցող տարբեր պատմություններ էր պատմում: Այնպիսի տպավորություն էր՝ ասես հարցը չի լսում, կամ մոռանում է: Հրաժեշտ տալիս ասաց՝ սա իմ վերջին հարցազրույցն է, այդ պատճառով էլ՝ ինչ հիշեցի, պատմեցի: Գիտեմ՝ այդ ամենը հիմա չես կարող հրապարակել, բայց մի օր պետք կգա: Ես այս հրապարակման մեջ չեմ ընդգրկել մի քանի պատմություն, ինչպես նաև նրա ու Տիգրան Լևոնյանի ամուսնությունը մերժելու, նրանց հալածելու, նրանց երեխայի մահվան պատմությունը (երեխան, ըստ Գոհար Գասպարյանի, չարակամության զոհ դարձավ):
ՄԵՐ ՍԵՐՆ Է ՀՈՂԸ ՀԱՅՐԵՆԻՔ ԴԱՐՁՆՈՒՄ
Զրույց ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ
¬Տիկին Գասպարյան, ցանկանում եմ, որ մեր զրույցը բացառապես առնչվի Ձեր առինքնող ու հարուստ կենսագրությանը, մանկության ու պատանեկության հիշողություններին, անցած ճանապարհի այն դրվագներին, որոնք ավելի քիչ են հիշվում պաշտոնական հարցազրույցներում, բայց մարդու կյանքի ամենանվիրական պահերն են ամփոփում։
¬Նախնիներս Խարբերդից են, Չունգուշից։ Նրանք մեծ հեղինակություն են ունեցել հայրենիքում, ապրել են շքեղ, բարեկեցիկ, բարձրակարգ կրթություն են ստացել։ Իմ տոհմը հայտնի է բազմաթիվ հռչակավոր անուններով, ինչպես օրինակ՝ Երուսաղեմի պատրիարք Հարություն Եգիպտացին, Եղիա Տեմիրճիպաշյանը… նրանց հայրենասիրության մասին լեգենդներ էին պատմում։ Ինձ հատկապես հուզել էր ապուպապերիցս մեկի աղջկա գեղեցիկ, վեհ ու ողբերգական պատմությունը։ Չնաշխարհիկ գեղեցկուհուն սիրահարվել է թուրք իշխանավորներից մեկը եւ ցանկացել է կնության առնել, հակառակ դեպքում՝ սպառնալով հաշվեհարդար տեսնել ամբողջ ընտանիքի հետ։ Աղջիկը համաձայնել է, բայց հարսանիքի գիշերը անձնասպան է եղել։ Պապերս 1832թ. հերթական խժդժությունների ժամանակ փախել են Եգիպտոս ու հաստատվել Զագալիք քաղաքում։ Զագալիքում մեծ հայկական համայնք կար, եկեղեցի, դպրոց։ Մերոնք ավանդաբար զբաղվել են բամբակի առեւտրով։ Պապերս միլիոնատերեր էին։ Մեր տունը Նեղոսի ափին էր, եռահարկ պալատը չորս մասնաշենք ուներ։ Մեր հսկայական այգում ծաղկում էին աշխարհի բոլոր ծաղիկները, աճում էին աշխարհի բոլոր մրգերը։ Միայն 25 տեսակ վարդենի կար, իսկ հարյուրավոր արմավենիների գագաթը մագլցելու համար բերքահավաքի ժամանակ բազմաթիվ նեգրեր էինք վարձում։ Հայրս՝ Միքայել Խաչատուրյանը, հայտնի իրավաբան էր, դատավոր, մեծ իրավաբանական գրասենյակ ուներ՝ բազմաթիվ ծառայողներով։ Ընդհանրապես, հայերը բարի համբավ ունեին Եգիպտոսում, նրանք աշխատասեր էին, խելացի, ազնիվ ու վայելում էին եգիպտական իշխանության բարեհաճությունը։ Ես ծնողներիս միակ երեխան եմ։ Յոթ ամսական եմ ծնվել, մեկ կիլո 800 գրամ, տատս ինձ բամբակի մեջ է պահել, ու միայն նա է հավատացել, որ ես կապրեմ։ «Մեծ մարդ է դառնալու,¬ ասել է,¬տասը մատներն էլ լույս են տալու»։ Փոքրուց առանձնահատուկ խնամքի ու հոգածության եմ արժանացել։ Եղել եմ շատ համարձակ, անվերջ պարել¬երգել եմ, բացառիկ ընդունակ եմ եղել։
Մի դեպք հիշեցի։ Մեր հույն հարեւանի երեքամյա տղան՝ Յանաքեն, իմ ընկերն էր, նրանք տանը պատեֆոն ունեին, ու ես հաճախ մեծ սիրով երաժշտություն էի լսում այնտեղ։ Մի օր էլ Յանաքեն պատեֆոնը բարկացած փակեց ուղիղ մատներիս վրա, քանի որ չէի համաձայնում երաժշտությունը թողած, իր հետ գնդակ խաղալ բակում։ Հայրս շատ վշտացավ, երբ լացելով տուն մտա։ Նույն օրը պատեֆոն գնեց ինձ համար ու, չգիտես որտեղից, գտավ Կոմիտասի ստեղծագործությունները։ Այնպես էի երջանկացել։ Ես սիրում եմ երազել։ Մեր տան մոտով մեծ շոգենավեր էին անցնում։ Ու մի անգամ ես բարձրաձայն մտորեցի՝ երանի այս շոգենավերից մեկը իմը լիներ, ու շրջեի ամբողջ աշխարհով։ Մեծ մայրս պատահմամբ լսեց ու խստորեն ասաց. «Դու Էրգիր պիտի գնաս, միայն այդ մասին մտածիր, քո աշխարհը Էրգիրն է՝ Հայաստանը»։ Մեծ մայրս շատ հայրենասեր էր, հայրս սաստեց նրան՝ ինչու՞ ես երեխային թեւաթափ անում։ Ես խռովեցի ու սկսեցի վազել դեպի ծովը։ Ավազների վրա մեր նեգր աղախինների երեխաներն էին խաղում։ Չգիտես ինչու, կոշիկներս հանեցի, հագա ավազի վրա ընկած սանդալներից մեկն ու սկսեցի վազել։ Մեծ մայրս հասավ հետեւիցս։ Ու երբ ցանկացավ պարզել, թե ումն են սանդալները, որ վերադարձնի, ոչ ոք ձայն չհանեց. երեխաներն ինձ շատ էին սիրում, նրանք այդ սանդալները նվիրեցին ինձ։ Մինչեւ հիմա պահում եմ։ Դրանք մարդկային անկեղծ սիրո, ջերմության խորհրդանիշներ են ինձ համար։ Սերը ամենամեծ պարգեւն է ու ամենաթանկ գանձը։ Իմ մանկության կոլորիտը ամբողջական չի լինի, եթե չպատմեմ մեր օձի մասին։ Հսկա անակոնդա էր, մեծ գլխով, մեզ հետ էր ապրում տան անդամի պես։ Խաղում էր մեզ հետ, ճոճում էր իր հսկա իրանով։ Շատ խելացի էր ու խաղաղ։ Բայց մի օր աղախինը ներս վազեց ու ասաց, որ անակոնդան գրկել է յուղի պուլիկն ու թքում է մեջը։ Տատս օձի հետ արաբերեն էր խոսում։ Թքեց¬մրեց օձին, անպատվեց, բայց օձը, հանգստանալու փոխարեն, սկսեց ավելի ուժգին սեղմել պուլիկն ու ջարդեց. յուղը սկսեց կաթ¬կաթ հոսել։ Մեծ մայրս հավաքեց աղախիններին ու պահանջեց խոստովանել, թե ինչպես են բարկացրել անակոնդային։ Պարզվեց, որ պարտիզպանը ինչ¬որ ձվեր է գտել խոտերի մեջ, եւ, չհասկանալով ինչ է, թափել է ծովը։ Մեծ մայրս սարսափեց, օձի ձվերն են եղել, ասաց` ձագերին ծովն ես թափել։ Հայրս փութով նավ նստեց ու գնաց փրկելու անակոնդայի ձագերին։ Ձվերի մի մասը դեմ էին առել ինչ¬որ փայտի։ Հայրս դրանք կրկին դրեց խոտերի մեջ, ու միայն դրանից հետո մեր անակոնդան հանգիստ թողեց մեզ…
… Երբ 7 տարեկան դարձա, հայրս որոշեց ինձ ուղարկել ուսանելու Գալստյան ազգային վարժարանում։ Վարժարանը կրում էր մեծ գիտնական, Գալուստ աղայի անունը, այն շատ բարձր, հիմնավոր, բազմակողմանի կրթություն էր տալիս։ Վարժարանը Կահիրեում էր։ Հայրս առանձնատուն գնեց այդտեղ, եւ ես, հայրս, մայրս սկսեցինք ապրել մեր նոր տանը, որը նույնպես շատ գեղեցիկ էր, հարմարավետ ու մեծ։ Տեսնելով ընդունակություններս՝ ինձ տեղափոխեցին վարժարանի երրորդ դասարան։ Մենք ուսանում էինք չորս լեզու, ընդ որում՝ խորացված հայերեն, գրաբար, հայոց պատմություն, երգեցողություն եւ պար, հաջողությամբ մրցում էինք տեղի եվրոպական դպրոցների հետ, համերգներ էինք տալիս օպերայի դահլիճում։ Չնայած երաժշտական հակումներիս՝ հայրս երազում էր, որ ես փաստաբան դառնամ, ու 8¬րդ դասարանը հաջողությամբ ավարտելով՝ ես ընդունվեցի ֆրանսիական փաստաբանական դպրոց։ Առավոտյան հաճախում էի փաստաբանության դասերի, իսկ երեկոյան հորիցս գաղտնի ուսանում էի երգի դպրոցում, որտեղ դասավանդում էին պատերազմի տարիներին Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից Եգիպտոս եկած բազմաթիվ հրաշալի մասնագետներ։
Ուզում եմ պատմել, թե ինչպես ես մասնակցեցի մրցույթի ու դարձա ռադիոյի մեներգչուհի։ 15 տարեկան էի այդ ժամանակ, փոքրամարմին աղջնակ էի՝ թիթեռնիկ զգեստով, կարճ գուլպաներով, վախվորած։ Մրցույթի գնացի ուսուցչուհուս՝ օրիորդ Անահիտ Մարտիրոսյանի հետ։ Նա տաղանդավոր երաժիշտ էր ու պիտի դաշնամուրով նվագակցեր ինձ։ Հեղինակավոր ժյուրին՝ համալրված իտալացի, գերմանացի հայտնի երաժիշտներով, մեզ լսում էր անթափանց ապակու հետեւից։ Ես երբեք միկրոֆոն չէի տեսել, ու ամեն ինչ շատ արտասովոր էր, հուզումնալից։ Երգեցի Պուչինի՝ Տոսկայի արիան, Մարգարիտայի արիան «Ֆաուստից», իսպանական երգ եւ էլի երկու հայտնի ու բարդ գործեր։ Երբ ավարտեցի, լսեցի, որ ներսից ծափահարում են, բայց մտքովս չանցավ, որ այդ ծափահարություններն ինձ են ուղղված, հետո դուռը աղմուկով բացվեց, ժյուրիի անդամները լցվեցին սենյակ ու սկսեցին գրկել, շնորհավորել եւ գովաբանել օրիորդ Անահիտին։ Երբ վերջապես, ուշքի գալով, ուսուցչուհիս հասկացրեց, որ երգողը ոչ թե ինքն էր, այլ թաքնվել ցանկացող տագնապահար փոքրիկը, բոլորը կարկամեցին։ Երեկոյան իմ ելույթը պետք է հաղորդեին ռադիոյով։ Ռադիոյի ձայնը մինչեւ վերջ բարձրացրել էի։ Առաջին երգս դեռ չէի ավարտել, երբ վազելով ներս մտավ հայրս ու խանդավառ դիմեց մայրիկիս. «Այս ի՞նչ երգչուհի է, որ չեմ ճանաչում, ի~նչ ձայն է, ի~նչ կատարում…»։ Աղջիկդ է՝ անխռով պատասխանեց մայրս։ Հայրս ապշել էր։ Այդպես 15 տարեկանում դարձա ռադիոյի մեներգչուհի։ Ինձ բավականին բարձր էին վճարում։ Ի դեպ, ես մեծ հաջողությամբ ավարտեցի նաեւ փաստաբանական դպրոցը, ու իմ դիպլոմային աշխատանքի մասին անգամ թերթերը գրեցին։
¬Ինչու՞ հանկարծ որոշեցիք թողնել ամեն ինչ՝ հարստություն, համբավ ու վերադառնալ մի անծանոթ, անորոշ ապագայով երկիր, որտեղ սով էր, զրկանք, մանավանդ՝ Ձեր պապերը հարյուրամյակ առաջ էին հաստատվել Եգիպտոսում։
¬Եգիպտոսում մարդիկ հրաշալի էին, հանդուրժող, բարեսեր, բարյացակամ։ Մեր ազգուտակը հարգված էր, արտոնված, մինչ օրս Եգիպտոսում կերպասի տեսակներ կան, որ պապիս անունով են կոչվում։ Բայց ի սկզբանե որոշված էր, որ ես պիտի հայրենիք վերադառնամ։ Մերոնց համար Հայաստանն «Էրգիր» էր, որի հետ մեր ճակատագիրը կապված էր անքակտելիորեն։ Երբ փոքր էի, տատս միշտ կրկնում էր՝ հայերեն սովորիր, որովհետեւ դու պիտի Էրգրում ապրես։ Երբ սկսվեց ներգաղթը, հայրս առաջին հերթին իմ անունը գրանցեց։ Ես ամուսնացա Հայկ Գասպարյանի հետ եւ ուղեւորվեցի հայրենիք։ Մենք բոլորս էլ գիտեինք, որ Հայաստանում կյանքը դժվար է։ Բայց երբ Երեւանում մեզ տեղավորեցին ախոռ հիշեցնող մի կիսավեր սենյակում, բառացիորեն՝ անասունների հարեւանությամբ, հոգեկան ցնցում տարա։ Ես շփացած, խնամված աղջիկ էի, ապրել էի ըստ պահանջի, ունեցել էի՝ ինչ ցանկացել էի, ու միանգամից ախոռում հայտնվելը չափից դուրս էր։ Ես հոգեկան ապրումներից կորցրի շարժվելու, խոսելու ունակությունս։ Մի քանի ամսից աղջիկս՝ Սեդան պիտի ծնվեր, ու ամուսինս շատ էր վախեցել։ Մեր հարեւանությամբ ապրում էր Խաչիկյանների ընտանիքը։ Տանտիրոջ քույրը՝ Բելլան, Վիգեն Խեչումյանի կինն էր։ Այդ հրաշալի ընտանիքը մեզ շատ սատարեց, տեղ տվեց իր հյուրընկալ հարկի տակ։
Չեմ մոռանում իմ առաջին համերգը Մեծ թատրոնում։ Հանկարծ վերջին պահին պարզվեց, որ կորել է ֆլեյտայի պարտիան, ու երաժիշտը չի կարող նվագակցել ինձ։ Երգեցի առանց նվագակցության։ Դահլիճը փոթորկվել էր։ Ինձ բացառիկ մենահամերգի հրավիրեցին, երգեցի գիշերվա ժամը 11¬ից մինչեւ երեքը։ Ամբողջ կուսակցական էլիտան դահլիճում էր։ Ինձ չէին թողնում հեռանալ բեմից, խնդրում էին կրկնել կատարումները։
¬Կարելի՞ է ասել, որ հենց այդ մենահամերգը դարձավ Ձեր գլխապտույտ հաջողությունների, ճանաչման ու հռչակի առաջին քայլը։
¬ Ասում եք՝ գլխապտույտ հաջողություն, հռչակ… ու այնպես հեշտ է թվում։ Մինչդեռ ես ինքնակատարելագործման դժվարին ճանապարհ եմ անցել։ Մի անգամ պատահմամբ հանդիպեցի մեր նախկին հարեւանուհուն, ու նա հիշեց, թե ինչպես էի ես օրը ութ ժամ երգում։ Գովասանքները, ձեռքբերումները, բնատուր շնորհները ինձ ինքնաթմբիրի չէին մղում։ Այսօր ես օժտված ուսանողուհիներ ունեմ, բայց նրանք, ցավոք, չեն աշխատում իմ եռանդով ու նվիրվածությամբ։ Պակաս է սերը մասնագիտության, երգարվեստի հանդեպ, պակաս է խանդավառությունը, բարձրանալու, կատարելագործվելու ձգտումը, հավատը սեփական ուժերի հանդեպ։ Ես միշտ նպատակասլաց եմ եղել ցանկացած հարցում, կարողացել եմ պայքարել, դիմակայել ու հասնել նպատակիս։ Մի անգամ պատասխանատու համերգից առաջ մայրս ավտովթարի ենթարկվեց, վնասեց ոտքը։ Մորս արագ տեղափոխեցի հիվանդանոց ու սլացա համերգասրահ։ Գեղեցիկ, ճերմակ զգեստս պատռվել էր ու արյունոտվել։ Այդպես էլ բեմ բարձրացա ու երգեցի։ Ասում են, որ այդ օրը բացառիկ հուզմունքով եմ երգել ու հուզել դահլիճը։
¬Ուզում եմ խնդրել, որ պատմեք Ձեր եւ Տիգրան Լեւոնյանի գեղեցիկ սիրո պատմությունը։
¬ Առաջին ամուսնուս՝ Հայկ Գասպարյանի հետ Հայաստանում յոթ տարի ապրեցի։ Նա հեղինակավոր լեզվաբան էր, դասախոսում էր պոլիտեխնիկում։ Հայկը չէր ցանկանում, որ ես երգեմ, իսկ ես հասկանում էի, որ բնատուր շնորհ ունեմ ու առանց երգի չէի կարող ապրել։ Բաժանվեցինք առանց վեճերի, առանց բարդությունների։ 56 թ. հանդիպեցի Տիգրան Լեւոնյանին։ Նա վաղուց էր տարված իմ արվեստով, պաշտում էր իմ երգը, գալիս էր բոլոր համերգներիս։ Հետո մեզ վիճակվեց երգել «Արշակ Երկրոդում»։ Ավելի մոտիկից ճանաչեցինք իրար։ Մեր միությունը բացառիկ ներդաշնակ էր, դա արտասովոր սեր էր, որ դիմացավ բոլոր փորձություններին, հաղթահարեց բոլոր խոչընդոտները։ Մեզ կապում էր այն արվեստը, որին նվիրված էինք երկուսս էլ, մեզ կապում էին ընդհանուր հետաքրքրությունները, աշխարհայացքը, բարոյական ըմբռնումներն ու չափանիշները, հարգանքն ու վերջապես մեծ, աստվածատուր սերը, որը չխամրեց մինչեւ վերջ։ Կհավատա՞ք, մենք երբեք չենք վիճել, չենք գժտվել։ Տիգրանի կողքին ես եղել եմ պաշտպանված, անհոգ, սիրված ու երջանիկ։ Նա հրաշալի մարդ էր, մեծահոգի, բարի, կիրթ, զարգացած։ Տիգրանը մեծ հայրենասեր էր, նրա բոլոր ներկայացումներում առկա էին հայկական ոգին, ազգային շունչը։ Ես չգիտեի, որ Տիգրանը հիվանդ է, ինձ չէին ասել։ Երբ հիվանդանոց էր գնում, գրկեց ինձ ու լաց եղավ։ Թվում է, քեզ էլ չեմ տեսնելու, ասաց։ Չորս օր հետո մահացավ։ Չեմ կարողանում համակերպվել կորստի հետ։ Տիգրանն ինձ համար ամեն ինչ էր։ Ասում են՝ ժամանակը կբուժի, բայց օրերն անցնում են, իսկ ցավս չի մեղմվում։ Մինչեւ Տիգրանի մահը երգել եմ, բայց այլեւս չեմ կարող բերանս բացել։ Երբեք նման զգացողություն չեմ ունեցել։ Տիգրանից հետո հանկարծ զգացի, որ հոգնել եմ։ Զգացի տարիների բեռը։
¬Ինչպե՞ս եք գնահատում հայ օպերային արվեստն այսօր։
¬Պիտի կարողանանք հայրենիքում պահել մեր ներուժը։ Այսօր Հայաստանից արտերկիր գաղթած օպերային երգիչները այնքան շատ են, որ նույնիսկ միություն են ստեղծել։ Մեր հարստությունը ցրել ենք աշխարհով մեկ, ու բնական է, որ մեծ հաջողությունների չենք կարող հասնել այս վիճակում։ Ես ընդհանրապես դեմ եմ արտագաղթին։ Ոչ մի պատճառ չի կարող արդարացնել հայրենիքը լքելն ու օտար երկրներում բախտ որոնել։ Հողը հայրենիք է դառնում, երբ ապրում ես նրա վրա, երբ օրդ բացվում ու մթնում է նրա հետ, երբ ամեն օր զգում ես նրա շունչը, տեսնում պատկերը։ Ես շրջել եմ ամբողջ աշխարհում (ընդամենը չորս երկրում չեմ եղել), ծանոթ եմ հայկական սփյուռքին։ Մեկ ժամ սահմանին կանգնած զինվորի վաստակն ավելին է, քան շատ շատերի զգայացունց, կարոտաբաղձ հայրենասիրությունը։ Զինվորը ֆիզիկական հայրենիք է պաշտպանում, արվեստագետն անառիկ է պահում մեր հոգեւոր հայրենիքի սահմանները, երկուսն էլ՝ հայրենի հողի վրա եւ ո՛չ հեռվից, երկուսն էլ՝ կոնկրետ գործով եւ ո՛չ ճառերով։ Սա է իմ իմացած հայրենասիրությունը։ Հայրենիքն ավելին է, քան այն հողը, որ մետրերով ենք չափում։ Հայրենիքը պատմությունն է, մշակույթը, հավատքը, ժողովուրդը, նրանց սիրելու համար նրանց կողքին պիտի լինես։ Ես մեկ դուստր ունեմ, երկու թոռ, չորս ծոռ։ Թոռս՝ Գեւորգը, ատամնաբույժ է, պատվով ծառայեց, կատարեց զինվորական պարտքը, հայրենիքի մասնիկը դարձավ, քանի որ իր ուժերից, սրտից, կյանքից ինչ¬որ բան տվեց հայրենիքին։
Հայաստանի ապագան լուսավոր ու անամպ կլինի, եթե կարողանանք երկիրը, հողը հայրենիք դարձնել բարձրացող սերնդի համար։ Արցախը վերադարձրինք, ազատագրեցինք, քանի որ ապրում էին Արցախը սիրող, Արցախն իրենց հողը համարող մարդիկ։ Մեր կորուսյալ հողերը վերադարձնելու հույսը չի մեռնի, քանի դեռ չի մեռել ապրող սերնդի սերը այդ հողերի հանդեպ, քանի դեռ չի մեռել ազգային պատվախնդրությունը։
Թուրքիայում էի։ Հյուրանոցի դուռը թակեցին ու մի շքեղ ծաղկեփունջ տվեցին ինձ՝ խնդրելով, որ դնեմ Աթաթուրքի գերեզմանին։ Ես կտրականապես մերժեցի։ Նախնիներիս երեք սերունդ է սրի քաշել այդ մարդը՝ ասացի, թուրքական կառավարությունն անմիջապես բողոքի նամակ հղեց Մոսկվա ու պահանջեց, որ ինձ այլեւս Թուրքիա չուղարկեն։ Չպետք է թույլ տանք, որ ժամանակը բթացնի ցավը, ատելությունը, վրեժի փափագը։ Ու այդ դեպքում, քանի դար էլ անցնի, մեր բռնադատված գանձերը հետ ենք վերցնելու։
¬Տիկին Գասպարյան, Դուք նվաճել եք բոլոր հնարավոր բարձունքները, բոլոր տիտղոսները, դժվար է անգամ թվարկել ձեր շքանշանների ցանկը։ Ձեզ վարձատրված զգու՞մ եք։ Ի՞նչ ապրումներ է ունենում արվեստագետը փառքի գագաթնակետին։
¬ Ամենամեծ վարձատրությունը հարազատ ժողովրդի սերն է ու այն գիտակցությունը, որ իրականացրել ես բոլոր երազանքներդ։ Որ քո անունով բարձրացրել ես երկրիդ անունը, որ քեզնով հայրենիքդ են ճանաչել։ Ես երջանիկ մարդ եմ՝ երջանիկ արվեստագետ, երջանիկ կին, երջանիկ մայր…
¬Ի՞նչ կմաղթեք սահման պահող զինվորներին։
¬Թող զինվորները անփորձանք լինեն ու երջանիկ տեսնեն իրենց սիրելիներին։ Թող սեփական քաջությունը հպարտություն ներշնչի նրանց։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ