«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Դայակ պետության հաշվին» ծրագիրը դադարեցվել է: Համենայնդեպս, այս տարի մայրիկները չեն կարողացել դիմել այս ծրագրին: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգեր է ստանում երիտասարդ մայրերից: Նրանց պատմելով՝ ծրագրի համար նախատեսված ֆինանսավորումը չկա, այդ իսկ պատճառով այն դադարեցվել է:
«Ժողովուրդ» օրաթերթն այս խնդրի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով դիմեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից մեզ փոխանցեցին հետեւյալը. «Այդ ծրագիրը, ինչպես զբաղվածության որոշ այլ ծրագրեր եւս, վերախմբագրման փուլում է արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Ծրագրերն այս պահին հստակություն չունեն, եւ զուգահեռ նաեւ զբաղվածության ռազմավարության մշակման փուլում ենք»։ Նշենք, որ այս ծրագրից օգտվել են մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող այն քաղաքացիները, որոնք մինչեւ երեխայի երկու տարին լրանալը վերադառնում են աշխատանքի։ Այսինքն՝ ձեր երեխային խնամում է դայակը, իսկ նրա գումարի մի մասը վճարում է պետությունը։
Ի դեպ, ծնողների ընտրությամբ՝ երեխայի խնամքը կարող էր կազմակերպվել կա՛մ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատություններում, կա՛մ դայակի օգնությամբ: Բայց այս ծրագրից բոլոր դիմողները չէ, որ կարողացել են օգտվել, քանի որ միշտ հերթագրման ու մայրիկների ընտրության մասով խնդիրներ են առաջացել: