Կապիտալի վերաբաշխման բավական բացահայտ գործընթացներ են տեղի ունենում նաեւ Արցախում, որտեղ փորձում են նաեւ ռազմավարական նշանակության բիզնեսներն իրենց ձեռքը կենտրոնացնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանի «սեռի կարդինալ» Տիգրան Ավինյանը։ Մամուլում արդեն իսկ հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Տիգրան Ավինյանը և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնաբաժին ունեն «Ղարաբաղ Տելեկոմում»։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ահազանգել է, որ տեղի ունեցող կապի այս օպերատորն արդեն Արցախում մենաշնորհային դիրք է ստացել ու չի կարողանում նույնիսկ միջին որակի ծառայությունների մատուցումն ապահովել։
Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմից հետո VivaCell MTS-ի կապը Արցախում սկսեց լիարժեք (առանց ռոմինգի) գործել, արցախցին հնարավորություն ունեցավ օգտվելու 4G շարժական համացանցից: Մրցակցային պայմաններում «Ղարաբաղ Տելեկոմ»-ը հայտարարեց, որ ներդրումներ է կատարում ծառայությունների որակի բարձրացման նպատակով: Հատուկ ընդգծում եմ՝ մրցակցության պայմաններում:
Սակայն հունիսին VivaCell MTS-ը հայտարարեց, որ ծառայությունները հուլիսի 1-ից Արցախում պետք է գործեն ռոմինգի պայմաններում, ասել է թե՝ վերադարձ դեպի մոնոպոլիա:
Մետաքսե Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խոսակցություններ կան, որ «Ղարաբաղ Տելեկոմին» մենաշնորհային դիրք է տրվում, քանի որ այնտեղ մասնաբաժին ունեն ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը,Արցախի նախագահը և նրանց շրջապատից ևս մեկը. «Մենք պաշտոնապես նման տեղեկություններ չունենք, բայց շատ են նման խոսակցություններ շրջանառվում, հատկապես Տիգրան Ավինյանի անունն է շատ շոշափվում, քանի որ պատերազմի ժամանակ նա շատ ակտիվ զբաղվում էր այս գործունեությամբ: «Ղարաբաղ» տելեկոմը մինչև պատերազմը մենաշնորհային, արտոնյալ կարգավիճակ ուներ Արցախում, սակայն պատերազմի հենց առաջին օրը ճգնաժամային իրավիճակում շատ արագ շարքից դուրս եկավ, այդ ժամանակ «Վիվա սելլն» էր, որ ծանր իրավիճակով կարողացավ մեզ կապով ապահովել, դրանից հետո մնաց Արցախում, մարդիկ երկու կապից էլ օգտվում էին, հիմա հուլիսի մեկից Արցախում կրկին մնացել է «Ղարաբաղ Տելեկոմը», ըստ օդում կախված լուրերի, այս կապի միջոցին մենաշնորհային կարգավիճակ է տրվում, քանի որ կան հայաստանյան պետական պաշտոնյաներ՝ խոսքը Տիգրան Ավինյանի մասին է, նաև շոշափվում է Արցախի նախագահի անունը, մասնաբաժին ունեն այնտեղ, բայց մենք հնարավորություն չունենք ճշտելու նման բաները, հարցում ենք ուղարկել, դեռ պատասխան չկա»,-ասաց նա:
Պատգամավորի փոխանցմամբ՝ Արցախի նախագահը խնդրի հետ կապված պարզաբանել է, թե «ՎիվաՍելլ»-ին առաջարկվել է հարկային դաշտ մտնել և նորմալ աշխատել, բայց մերժվել է առաջարկը, ինչի պատճառով էլ դուրս է եկել Արցախից, սակայն պատգամավորը նշեց, որ իրենք հակված են մտածել, որ պատճառը մենաշնորհային կարգավիճակ տալն է և պաշտոնյաների մասնաբաժին ունենալն է եղել պատճառը:
Մետաքսե Հակոբյանի արձանագրմամբ՝ անվտանգային խնդիրները թողած՝ Հայաստանի և Արցախի պաշտոնյաներն իրենց նյութական հնարավորություններ են բարելավում: Նրա խոսքով՝ պատերազմից հետո իշխանավորների համար Արցախում բիզնես մեծ դաշտ է բացվել, որտեղ տարբեր ոլորտներում իրենց սեփական դիրքերն են ամրապնդում.
«Չեմ կարծում, որ զարմանալի բան կա այս իշխանությունների դեպքում, կզարմանայինք, որ նոր իշխանությունները նման բան անեին, բայց այս իշխանությունների դեպքում զարմանալը տեղին չէ, ոչ միայն կապի օպերատորի դեպքում ենք այս իրավիճակում, ընդհանրապես՝ շինարարություն, սոցիալական ծրագրեր, բոլոր ոլորտներում այս վիճակն է։ Տպավորություն է, որ պատերազմի աղետը մեր երկրին չի դիպել ընդհանրապես, հայաստանյան իշխանությունների համար շատ պարարտ հող է ստեղծվել այս առումով Արցախում, եթե անվտանգային հարցերով զբաղվեին, առաջին դեմքերի մակարդակով չէին հայտարարի, որ Բերձորը պետք է հանձնենք։ Եռակողմ հայտարարության 6-րդ կետով նման բան նախատեսված չէ, իսկ իրենք հայտարարում են, թե փաստաթղթում է նման բան գրված։ Հույսները դրել են, թե հասարակության կրթության կամ ինքնագիտակցության մակարդակը չի բավարարի այս ամենը հասկանալու համար, իրենք այդ կարծիքն ունեն ժողովրդի մասին»,-ասաց Հակոբյանը: