«Հետք». 2021 թ. մայիսի 12-ին ադրբեջանական զինված խմբավորումները ներխուժեցին ոչ միայն Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիսի տարածաշրջան, այլեւ ՀՀ սուվերեն տարածք մտան Սյունիքի մարզի Սեւ լճի հատվածում՝ խորանալով մինչեւ 3 կմ:
Գեղարքունիքում թշնամու օկուպացրած առնվազն 3200 հա (32 քկմ) տարածքի մասին գրել ենք: Նկատենք, սակայն, որ հաշվի առնելով ամերիկյան «Google» ընկերության քարտեզի թարմացումները՝ այդ թվի մեջ չենք ներառել Վարդենիսի Կութ գյուղի հատվածում ադրբեջանցիների առաջխաղացումը, որն առայժմ «Google»-ի քարտեզում չի երեւում:
- 2021-ի մայիսին Վարդենիսի հատվածում թշնամին ՀՀ սուվերեն տարածքից օկուպացրել է առնվազն 3200 հեկտար Այս անգամ կանդրադառնանք Սեւ լճի հատվածում թշնամու օկուպացիային, որն ընդգրկում է Իշխանատափ, Գլուխ Ձագեձորի եւ Փոքր Իշխանասար գագաթների միջեւ ընկած տարածքը, ներառյալ՝ Սեւ լիճն ու դրա հարեւան Ջիլի լիճը:
Մայիսի 12-ին ադրբեջանցիներն ապօրինաբար առաջացել ու զբաղեցրել են երկու լճերին հարակից բարձունքները ՀՀ սուվերեն տարածքում՝ հսկողություն սահմանելով ոչ միայն դրանց եւ ավելի ցածրադիր տարածքների հանդեպ, այլեւ տեսադաշտ բացելով դեպի Գորիս: Ըստ խորհրդային քարտեզների՝ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանն անցնում է Սեւ լճի վրայով: Լճի հայելու մակերեսը, համաձայն «Google»-ի քարտեզի, 1,7 քկմ է (170 հեկտար), որից Ադրբեջանի տարածքում է գտնվում 0,3 քկմ-ն (30 հա), այսինքն՝ ընդամենը 18 տոկոսը, այնինչ այսօր ամբողջ լիճը հայտնվել է թշնամու վերահսկողության ու դիտարկման տակ:
Հայկական կողմի հասանելիությունը Սեւ լճին հարաբերական է
Նկատենք, որ հայկական կողմն, այդուհանդերձ, հարավ-արեւմուտքից հասանելիություն ունի լճին: Ընթերցողները գուցե կհիշեն, որ այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մի քանի պաշտոնյաների հետ այցելել էր Սեւ լիճ ու 2021-ի մայիսի 15-ին լուսանկարներ հրապարակել հենց այդ՝ հարավարեւմտյան ափից: ՀՀ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ եւ իշխանական ու իշխանամերձ լրատվամիջոցներ այդ օրերին պարբերաբար պնդում էին, որ լճի հանդեպ հայկական ուժերն ունեն վերահսկողություն, սակայն իրականությունը թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա այլ է:
Կարմիրով նշված են հայկական, իսկ կապույտով՝ ադրբեջանական դիրքերը. օկուպացված տարածքը դեղին է Եթե նայենք ռելիեֆին, կտեսնենք, որ լճին մերոնց հասանելիությունը հարաբերական է (վերահսկողության մասին խոսելը չափազանցություն կլինի), քանի որ դեպի լճի հարավարեւմտյան ափ տանող ճանապարհը եւ ափի մոտ տեղադրված հայկական դիրքերը գտնվում են հարակից բարձունքները զավթած թշնամու անմիջական դիտարկման տակ: Ադբեջանցիները Սեւ լճի մոտ զբաղեցրել են ռազմավարական նշանակության երկու լեռ. 3451 մ բարձրություն ունեցող Փոքր Իշխանասար լեռնագագաթը՝ արեւմուտքից (ներքեւի լուսանկարում ամենից ձախ գտնվող կապույտ կետն է) եւ Գլուխ Ձագեձորի գագաթը (3233 մ)՝ հարավից (ներքեւի լուսանկարում ամենից աջ գտնվող կապույտ կետն է): Լուսանկարն արված է 2013-ին Մեծ Իշխանասարից, որն այսօր հայկական վերահսկողության տակ է (commons.wikimedia.org) Եթե Փոքր Իշխանասարը բաժանարար կետ է պատերազմի մեջ գտնվող երկու երկրների միջեւ, ապա Գլուխ Ձագեձորի լեռը գտնվում է սահմանից 2,5 կմ խորության վրա՝ ՀՀ տարածքում: Եվ այսօր ադրբեջանցիները այս երկու լեռնագագաթներին տեղադրած իրենց մարտական հենակետերից վերահսկում են դրանց միջակայքում գտնվող ամբողջ ցածրադիր գոտին՝ լճի հարավարեւմտյան ափ տանող ճանապարհը եւ ափի մոտ գտնվող հայկական դիրքերը: Նշված երկու գագաթների միջեւ հեռավորությունն ուղիղ գծով 4,1 կմ է, ինչը նշանակում է, որ երկու կողմից թշնամին կարող է տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակի տակ պահել իր հենակետերի միջակայքը:
1280 հեկտար տարածք
Սեւ լճի հատվածում, ըստ «Google»-ի քարտեզի, որի արբանյակային պատկերները վերցված են եվրոպական «Airbus» եւ ամերիկյան «Maxar Technologies» ընկերությունների արբանյակներից, վերջին պատկերներն արվել են 2021-ի սեպտեմբերին՝ ներխուժումից 4 ամիս անց, երբ արդեն տեսանելի են հակամարտ զորքերի դիրքերը: Բայց քանի այդ քարտեզը թարմացվում է ըստ առանձին սեգմենտների, դրանում 2021-ի մայիսյան ներխուժումից հետո երեւում են ադրբեջանական ոչ բոլոր մարտական հենակետերը։ Բացը լրացնելու համար «Google»-ի քարտեզը համադրել ենք եվրոպական «Sentinel-2A» արբանյակի ամենավերջին (2022 թ․ հունիս-հուլիսին արված) լուսանկարների հետ՝ հասկանալու համար, թե ինչ տարածք է ներառում թշնամու օկուպացիան: Գծերով իրար ենք միացրել ադրբեջանցիների առաջապահ դիրքերը: Այս հաշվարկով ստացվում է, որ ադրբեջանիցների վերահսկողության տակ է անցել 12,8 քկմ կամ 1280 հեկտար տարածք: Սա հավասար է 1793 հատ ֆուտբոլային խաղադաշտի, ինչպիսին ունի Երեւանի «Հանրապետական» ստադիոնը: Հասկանալի է, որ ունենալով բարենպաստ դիրքեր շրջակայքի վրա գերիշխող բարձունքների վրա՝ թշնամին վերահսկում ու դիտարկում է շատ ավելի մեծ տարածք, քան զուտ իր թիկունքում գտնվողն է: Այս առումով ամենամտահոգիչը, թերեւս, հայկական բնակավայրերի ու ճանապարհների՝ ադրբեջանցիների խոցման տիրույթում գտնվելն է:
Անվտանգային ռիսկ
Անվտանգային լուրջ ռիսկ է այն հանգամանքը, որ թե՛ Գլուխ Ձագեձորի սարից, թե՛ վերջինիս հարեւան 2924 մ բարձրությամբ գագաթից, որտեղ եւս դիրքավորվել է թշնամին, տեսադաշտ է բացվում դեպի Գորիս եւ դրան կից Ակներ ու Վերիշեն գյուղեր: Մասնավորապես՝ Ձագեձորից մինչեւ Գորիս եւ Երեւան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը ուղիղ գծով 10 կմ է, ինչը խոցելի հեռավորություն է հրետանու համար: Նույն գագաթից Ակներ գյուղը 8 կմ-ի վրա է, Վերիշենը՝ 9 կմ-ի: Բնակավայրերին ավելի մոտ է ադրբեջանցիների զբաղեցրած 2924 մ բարձրությամբ գագաթը, որտեղից մինչեւ Ակներ 6 կմ է, Վերիշեն՝ 7, Գորիս՝ 8: Թշնամու հրետանու համար բարենպաստ է նաեւ Փոքր Իշխանասարի հեռավորությունը նշված բնակավայրերից, մասնավորապես՝ մինչեւ Գորիս 14 կմ է:
Իշխանատափից մինչեւ Փոքր Իշխանասար
2021-ի մայիսին ադրբեջանցիները Սեւ լճի արեւելքում առաջացել են մինչեւ Իշխանատափ բարձունք (2561 մ), որտեղից երեւում են 5 կմ հեռավարության վրա գտնվող Խոզնավար եւ Վաղատուր գյուղերը: Այս բարձունքով է անցնում Գորիս-Վերիշեն-Ակներ-Սեւ լիճ ճանապարհը, որը փակվել է. հենց ճանապարհի վրա իրար դիմաց են տեղակայվել հայկական ու ադրբեջանական դիրքերը: Արեւմուտքում էլ թշնամին հասել է մինչեւ Փոքր Իշխանասար՝ ճանապարհ հարթելով Սեւ լիճը հյուսիսից եզերող զառիթափի վրայով: Իշխանատափից մինչեւ Փոքր Իշխանասար 8,2 կմ է: Թշնամին օկուպացրել է պետական արգելավայրը, արոտավայրերն ու ջրամբարը
Սեւ լիճն ընդգրկող 240 հեկտարը համարվում է բնության հատուկ պահպանվող տարածք: Դեռ խորհրդային տարիներին՝ 1987-ին, այն ճանաչվել էր պետական արգելոց, իսկ 2001-ին ՀՀ կառավարությունն արգելոցը դարձրել է արգելավայր: Ըստ «Սեւ լիճ» պետական արգելավայրի կանոնադրության՝ այն գտնվում է Սյունիքի հրաբխային բարձրավանդակի Մեծ Իշխանասար հրաբխային կոնի մերձկատարային մասում՝ 2670 մ բարձրության վրա: Տարածքն ընդգրկում է սառցադաշտային ծագման Սեւ լիճը (200 հա մակերեսով) եւ առափնյա մերձալպյան մարգագետնային էկոհամակարգերը (40 հա մակերեսով): Արգելավայրի կազմավորման հիմնական նպատակն է Սեւ լճի ջրային եւ նրա հարակից ցամաքային էկոհամակարգերի, բուսական ու կենդանական աշխարհի պահպանությունն ու կայուն օգտագործումը, Սեւանա լճի իշխան եւ բեղաձուկ ձկնատեսակների արհեստական վերարտադրության համար անհրաժեշտ ձկնային պաշարի աճեցումը: Ադրբեջանցիների օկուպացրած տարածքներն անասնապահությամբ զբաղվող տարածաշրջանի բնակչությունն օգտագործում էր որպես արոտավայր: Առցանց քարտեզներն ուսումնասիրելիս թե՛ օկուպացիայից առաջ, թե՛ հետո կարելի է տեսնել սարվորների ցանկապատած բազմաթիվ մակաղատեղերը, որոնք հակամարտ զորքերի շփման գոտում հայտնվելուց հետո դարձել են անօգտագործելի:
Վահե Սարուխանյան
Ամբողջությամբ՝ hetq.am