Սյունիք կատարած այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելեց Վերիշեն գյուղական բնակավայրում գտնվող կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ: Կենտրոնում տիկնոջը դիմավորեց և տեղում կատարվող աշխատանքներին ծանոթացրեց կենտրոնի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը։
Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը ստեղծվել է 2009թ. հունիսին՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և տեղական կանանց նախաձեռնող խմբի կողմից: Ռեսուրս կենտրոնը մեծացնում է կանանց մասնակցությունը տնտեսական և քաղաքական կյանքում։
Կենտրոնում Գորիսի և հարակից գյուղերի կանայք բրդից թելեր են ստանում, ներկում բնական հումքով և գործում գորգեր։ Վերջերս Հոլանդիայից ձեռք բերված ջուլհակագործության սարքով կանայք կարողանում են զբաղվել նաև ջուլհակագործությամբ, որով էլ զարկ է տրվում տեքստիլի արտադրությանը: Կարում են վարագույր, ծածկոց, բարձ և պայուսակ: Կոստյումներ և կոշիկներ կարելու համար այս պահին ոճաբան-մասնագետի փնտրտուքի մեջ են։ Աննա Հակոբյանը պատրաստակամություն հայտնեց լինել դրանց առաջին կրողը, երբ ստացվի առաջին արտադրանքը։ Կենտրոնը նպատակ ունի Երևանում բացել խանութ և ապրանքներն արտահանել այլ երկրներ։
Կենտրոնի համար այցեքարտ են դարձել իրենց կարած բարձերը։ Դրանք խորհրդանշական են, քանի որ կարված են բացառապես բնական թելերի գույներով, իսկ զարդանախշերը Գորիսի տների շեղ քարերի տեսքով են։
Արտադրամասի ապրանքների վաճառքն ապահովվում է համայնքի հյուրանոցների հաշվին: Հիմնական սպառողները զբոսաշրջիկներն են: Արտադրամասի շնորհիվ մշտական աշխատանք ունի 14 կին։
Շաբաթական 3 անգամ էլ Գորիսի ու հարակից գյուղերի 10-12 տարեկան աղջիկներին սովորեցնում են կարպետագործություն։ Այցի ավարտին տիկին Հակոբյանը զրուցեց երեխաների հետ, տեսավ նրանց աշխատանքները: