Վիճակագրական կոմիտեի մարդահամարի ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի խոսքով՝ 2020 թվականի պատերազմից հետո, մինչև օրս Հայաստանից գնացողների և Հայաստան վերադարձողների հաշվառման վերաբերյալ մի քանի սկզբնաղբյուրներ կան՝ վարչական գրանցումները և հետազոտական տվյալները։
«Այս պահին 2021 թվականի հետազոտական տվյալները դեռ մշակման փուլում են, ամփոփված է միայն 2020 թվականը։ 2020 թվականին ոչ միայն պատերազմ էր, այլև կորոնավիրուսի հետևանքով կյանքը մի քիչ ավելի կանգնած էր։ Այդ շրջանում մենք արձանագրել էինք միգրացիայի փոքր, բայց դրական մնացորդ։
Այնպես որ, 2021 թվականի հետազոտական տվյալների մասին այս պահին խոսել մի քիչ վաղ է, որովհետև հետազոտության արդյունքները դեռևս չկան։ Վարչական աղբյուրները ցույց են տալիս, որ հաշվառման և հաշվառումից դուրս գրված անձանց տվյալները դեռ դրական մնացորդ են արձանագրել, իսկ ավելի խորը վերլուծությունները, կարծում եմ՝ հատուկ հետազոտությունների կարիք ունեն, որպեսզի գնահատականները խորությամբ հասանելի լինեն։ Մեր տեղեկատվությունը վարչական աղբյուրներով հրապարակված է՝ այս տարվա հունվար-մարտ ամփոփված տվյալները, ինչը, իհարկե, ցույց է տալիս ոչ ամբողջական շարժը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կարինե Կույումջյանը՝ անդրադառնալով հարցին, թե 2020 թվականի սեպտեմբերից պատերազմից հետո մինչև օրս որքա՞ն մարդ է հեռացել Հայաստանից և որքա՞ն մարդ է վերադարձել մշտական բնակության։
Ըստ նրա, վերջնական ու ճշգրիտ տվյալները կարձանագրվեն մարդահամարի արդյունքներով։ Թեպետ մարդահամարի անցկացումը Հայաստանում հետաձգվեց 2020 թվականի կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով, այն նախատեսված է անցկացնել այս տարվա հոկտեմբերին։
«Երբ անցկացվի մարդահամարը, այդ տվյալներով ավելի ճշգրիտ տվյալներ կարող ենք ներկայացնել և՛ բնակչության թվաքանակի, և՛ բնակչության տեղաշարժի վերաբերյալ»,- հավելեց Կարինե Կույումջյանը։
Ինչ վերաբերում է հարցին, թե Հայաստանից մեկնողները մայրաքաղաքի՞ց են ավելի շատ, թե՞ մարզերից, Կարինե Կույումջյանը պատասխանեց, որ այս տարվա հունվար-մարտի տվյալների համաձայն՝ Երևանի և մարզերի մինչև մի քիչ տարբերություն կա, քանի որ Երևանն իր ծավալով բնակչության 1/3-ն է, և, բնականաբար, միգրացիոն տեղաշարժերի գերակշիռ մեծամասնությունը բաժին է ընկնում Երևան քաղաքին։
«Ցուցանիշները, որոնց նայում եմ՝ Երևանի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի մարզերի հաշվառման տվյալները՝ և՛ մեկնողների, և՛ եկողների տարբերությունը դրական է։ Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերում հաշվառումից հանվածներն ավելի շատ են, քան հաշվառվածները»,- եզրափակեց Կարինե Կույումջյանը։
Զվարթ Խաչատրյան