Շատ անգամ հայկական ֆիլմեր դիտելիս՝ բախվում ենք այն մտքի հետ, որ իրականում թատրոն ենք նայում: Սերիալների վրա «նստած» հանդիսատեսը շատ լրջորեն հավատում է, որ դա է կինոն: Սակայն մեր օրերում կան ռեժիսորներ, ովքեր տանել չեն կարող թատրոնը կինոյում: Այդպիսին է ռեժիսոր Մհեր Մկրտչյանը: Հենց նրա մոտ է, որ դերասաններն ասես կախարդական փայտիկի շնորհիվ՝ հանկարծ բոլորովին այլ դիտանկյունից են բացահայտվում: Զուսպ միմիկաներ, հիմնավորված էմոցիաներ, ապրումներ, բաց նյարդերով ներկայացված դերասանական խաղ, որին կարողանում է հասնել Մ. Մկրտչյանն իր ֆիլմերում: Երբ զրուցում ենք դերասանների հետ, ովքեր նկարահանվել են նրա ֆիլմերում, պարզվում է՝ նրանք էլ չեն կարողանում բացատրել, թե ինչպե՞ս է դա ստացվում ռեժիսորի մոտ, և բոլորը միաբերան նշում են, որ իրենց խաղի անկեղծությամբ պարտավոր են միմիայն ռեժիսորին:
«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի դերասանուհի Նարինե Գրիգորյանը մեզ հետ զրույցում պատմում է.
«Մհերը մի այնպիսի մթնոլորտ է ստեղծում, որ ակամայից դառնում ես այն հերոսուհին, որին նա ուզում է տեսնել: Կիսատոների, նուրբ միմիկաների վրա հիմնված դերասանական խաղ: Ոսկերչական աշխատանքի է նման, բայց դա միայն Մհերի շնորհքն է»:
Դերասանուհի Թամարա Պետրոսյանն իր հերթին՝ ավելացնում է. «Այս ֆիլմի դերասանական խաղի հաջողության գրավականը, երաշխիքը Մհերն է: Կինոյում նկարվելիս պետք է հստակ գիտակցես, որ սա թատրոն չէ: Տեխնիկայի խնդիր է իրականում: Ավտոմատ կերպով միացնում ես ուղեղդ և գնում նկարահանման հրապարակ»:
Քրիստինե Մարտիրոսյան