ԱԺ խորհուրդը վաղը՝ հուլիսի 14-ին, արտահերթ նիստ կգումարի՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու համար։ Նիստը նշանակված է 18.30-ին։ ԱԺ կայքում արդեն հրապարակվել է նախագիծը։
Նշենք, որ նախագիծը վերաբերում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 33 պատգամավորի. «Պատիվ ունեմ»-ից Թագուհի Թովմասյանն ու այդ խմբակցությունից հեռացած, անկախ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այդ ցանկում չկան։
Հիշեցնենք, որ նախօրեին լրագողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվել էին՝ մանդատների մասով ի՞նչ գործընթաց է սկսվել խորհրդարանում, վերջինս էլ արձագանքել էր. «Շատ հաճելի»: Հարցին՝ լինելո՞ւ է այդ գործընթացը, թե՞ ոչ` ԱԺ նախագահը պատասխանել էր. «Օրենքի պահանջ է, չի կարող չլինել»:
Նշենք, որ ԱԺ խորհուրդը յուրաքանչյուր պատգամավորի հարցն առանձւին է քննարկելու, ինչը նշանակում է, որ հնարավոր է՝ ոչ բոլոր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով ԱԺ խորհուրդը որոշի դիմել ՍԴ: