Նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցություններն առաջընթաց չեն արձանագրում։ Ավելին՝ պաշտոնական հայտարարությունների մակարդակում նկատվում է հետընթաց, իսկ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմանը մասնակցելու կորպորացիայի մտադրության մասին հայտարարած ԳՊՄ-ի վերահսկիչ բաժնետեր Ռոման Տրոցենկոն էլ կարծես ընդհատակ է անցել։
Երեկ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի հետագա շահագործմանը, Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հնարավորություններին, ատոմային էներգետիկայի զարգացմանը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր: Ընդգծենք, որ շուրջ 10 ամիս առաջ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քննարկվում են ոչ թե նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունների հարցը, այլ օգտագործել էր «բանակցություններ» տերմինը՝ նշելով որ բանակցություններ են ընթանում նոր ատոմակայանի շուրջ։ Այդպիսով՝ փորձելով մեղմել ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի վաճառքի հետեւանքով առաջացած կոռուպցիոն սկանդալը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ 2021թ. սեպտեմբերի 30-ին ռուսական «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, որի սեփականատերը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է, ձեռք էր բերել կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, որից 25 տոկոսը նվիրատվություն էր կատարել վարչապետի աշխատակազմին։ Դա կազմում է ԶՊՄԿ բաժնետիրական կապիտալի 15 տոկոսը։ Տրոցենկոն նաև «Գեոպրոմայնինգ գոլդ» հանքարդյունաբերական ընկերության հիմնական բաժնետերն է։ Ընդ որում, բաժնետոմբերը ձեռք էին բերվել հրատապ հրավիրված դատական նիստով դրանք արգելանքից հանելուց հետո ու նույնքան էլ արագ կազմակերպվել էր վաճառքի գրանցումը։
ԱԺ ամբիոնից, խոսելով կոռուպցիոն այդ սկանդալի մասին, Նիկոլ Փաշինյանը, հայտարարել էր, թե ««Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության սեփականատերերից մեկի կողմից ՀՀ-ին եղել առաջարկ, առաջարկը քննարկել են ու տեսել, որ համապատասխանում է ՀՀ տնտեսական ու պետական շահերին»։
«Առաջին հերթին պղնձնաձուլարանի կառուցում, երկրորդ՝ այս ծրագրի մաս է նոր ատոմակայանի կառուցումը։ «Գեոպրոմայնինգ»-ը ստանձնել է պղնձաձուլարանի ներդրումային պարտավորություններ, որոնք արձանագրվել են, ու կշարունակվի արձանագրումը, ու բանակցություններ է սկսել նոր ատամոկայանի շուրջ»,- հայտարարել էր Փաշինյանը։ ԳՊՄ-ի վերահսկիչ բաժնետեր Ռոման Տրոցենկոն եւս հայտնել էր Հայաստանում նոր կայանի կառուցմանը մասնակցելու կորպորացիայի մտադրության մասին։
Լիխաչովը դեռեւս 2021 թվականի նոյեմբերին վերահաստատել էր, որ Տրոցենկոյի մոտ կա հետաքրքրություն՝ էլեկտրաէներգիայի նոր աղբյուրների հարցում՝ հաշվի առնելով Հայաստանում նրա նոր արդյունաբերական նախագծերը։
«Գիտենք, որ պարոն Տրոցենկոն, այստեղ այսպես ասած, խարիսխ է գցել»,- 2021 թվականի նոյեմբերի 16-ին հայտարարել էր Լիխաչովը։
Այս հայտարարությունց անցել են ամիսներ, սակայն նոր ատոմակայանի շուրջ բանակցությունները ոչ միայն միս ու արյուն չեն ստանում, այլ անգամ բառամթերքն է մեղմացել։ Նիկոլ Փաշինյանն այլեւս չի խոսում նոր ատոմակայանի կառուցման բանակցությունների արդյունքների կամ ընթացքի մասին, այլ ընդամենն արդեն քննարկում են դրա հնարավորություններին վերաբերող հարցերը։ Իսկ Տրոցենկոն, որը միլիարդների ներդրումներ էր խոստացել, այլեւս չի երեւում թատերաբեմում։Տպավորություն է, որ միմյանց տրված խոստումները մնացել են անկատար։ Արձանագրենք, որ Տրոցենկոն ներկա չէր Լիխաչովի ու Փաշինյանի երեկվա հանդիպմանը։